Այսօր «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քաղխորհրդի նիստի ընթացքում քննարկվել է դաշինքի ներսում հետագա համագործակցության ձևաչափը և որոշվել է, որ խնդրին անդրադարձ կլինի այն ժամանակ, երբ ավարտվի նոր ստեղծվող Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ձևավորման գործընթացը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ում նաև որոշում են կայացրել քաղխորհրդի նիստեր չանցկացնել մինչև նոր ձևաչափի վերաբերյալ քննարկումների սկիզբը, իսկ մինչ այդ շարժման օպերատիվ ղեկավարման հարցերը լուծվելու են աշխատանքային կարգով:
«Այսինքն՝ հիմա կարելի է ասել, որ նրանից հետո, երբ 4 կուսակցություն ըստ էության դուրս են եկել Կոնգրեսից (ՀԱԿ-ի հռչակագիրը ստորագրվել է 18 կուսակցության և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև), այսօրվա վիճակում ՀԱԿ դաշինքի մաս կազմող 15 սուբյեկտ կա: Եվ ահա այս նիստում, հաշվի առնելով կուսակցությունների գերակշիռ դիրքորոշումը, որոշվեց, որ նոր կուսակցության ձևավավորումից հետո մենք կքննարկեք ՀԱԿ դաշինքի ձևաչափի ու այդ ձևաչափում մասնակցության հետ կապված հարցեր, այն, թե ինչպես ենք կառուցելու ՀԱԿ դաշինքի գործունեությունը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ այսօրվա նիստին մասնակցել են ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն, Կանաչների կուսակցությունը, «Ալընտրանք» դաշինքը, «Ժողովրդի իշխանություն»-ը, ԺՈՒԿ-ը, «Հայոց հայրենիքը» և քաղխորհրդում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նիստին բացակա էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով ցանկանում էր նիստին ՀԱԿ-ի «առողջացման ծրագիր» ներկայացնել: Անցյալ շաբաթ նա քաղխորհդրի նիստի հետ կապված վիճաբանել էր Լևոն Զուրաբյանի հետ:
Մեր այն հարցին, թե ինչու Մակեյանը չի ներկայացել նիստին՝ Լևոն Զուրաբյանն ասել է. «Մենք սիրով կլսեինք ցանկացած առաջարկ, բայց, չգիտեմ՝ ինչ պատճառով նա չի ներկայացել»:
Զուրաբյանի խոսքով՝ Մակեյանին պատշաճ կերպով տեղեկացրել են նիստի մասին:
«Պետք է իրենից ստանալ տեղեկություն, թե ինչու չի եկել: Շատ հստակ որոշում կա, թե երբ են կայանում նիստերը, իսկ զանգելը գործում է որպես հիշեցման կարգով օժանդակ ձև: Քանի որ ինքը նման հարց բարձրացրեց, այսօր հատուկ զանգեցինք: Իրեն տեղեկացրել են նիստի մասին, ինքն ասել է՝ շատ լավ և նիստին չի մասնակցել», – նշել է Լևոն Զուրաբյանը:
Epress.am-ը խնդրի առնչությամբ դիմել է նաև Պետրոս Մակեյանին: Վերջինս ասել է, որ չի մասնակցել նիստին, քանի որ ՀԱԿ-ը կուսակցություն է դառնում, իսկ իր ղեկավարած կառույցն այդ կուսակցության հետ գործ չունի:
Epress.am-ի այն հարցին, թե ինչու նա չի ներկայացնում իր առաջարկները, որոնց մասին ավելի վաղ հայտարարում էր, Մակեյանը պատասխանել է, որ ինքը հրապարակային արդեն խոսել է այդ մասին և նշել է, որ «ՀԱԿ-ում վախեցան իր առաջարկից և այդ պատճառով էլ կուսակցություն ստեղծելու գործընթաց սկսեցին»:
«ՀԱԿ-ը վերածելով կուսակցության՝ խախտվում է էթիկայի, գործընկերային և մարդկային նորմերը, եթե մեր ստորագրած հռչակագիրը առանց մեր կարծիքը հաշվի առնելու խզել են»,- ասել է Պետրոս Մակեյանը:
Մեր այն դիտարկմանը, թե Զուրաբյանն ասել է, որ ինքը պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, և այդ համատեքստում ինչու Մակեյանը չի ներկայացնում իր առաջարկը և չի փորձում խոսել այդ մասին Կոնգրեսում, վերջինս պատասխանել է:
«Ես խոսելու խնդիր չունեմ, բայց Լևոն Զուրաբյանը միշտ էլ լսում է առաջարկները, բայց միշտ անում է այն, ինչ վերևից ասում են», – ասել է Մակեյանը: