Փետրվարի 12-ին երկու հանդիպումով վերսկսվեց Չեմպիոնների Լիգայի մրցաշարը: 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում շոտլանդական «Սելթիկը» ընդունում էր իտալական «Յուվենթուսին», իսկ իսպանական «Վալենսիան»՝ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենին»: Երկու դեպքում էլ հակամարտության ֆավորիտ էին համարվում հյուրերը, ինչն էլ ապացուցեցին դեռևս խաղերի մեկնարկային րոպեներին: «Յուվեն» առաջին իսկ գրոհով բացեց հաշիվը. պաշտպան Էֆե Էմբրոուզը սխալ դիրքավորման պատճառով չկարողացավ գլխով դուրս բերել գնդակը, իսկ դարպասապահի դեմ մեն-մենակ հայտնված Ալեսանդրո Մատրին չհապաղեց օգտվել նիգերիացի ֆուտբոլիստի սխալից:
Առաջին խաղակեսի հետագա ընթացքում «Յուվենթուսը» հիմնականում պաշտպանվում էր: «Սելթիկն» անդընդհատ պրեսինգի էր դիմում, օգտագործում էր տուգանային հրապարակ կատարվող բարձրից փոխանցումների մարտավարությունը, սակայն մրցակցին անակնկալի բերել այդպես էլ չէր կարողանում: Երկրորդ խաղակեսում հյուրերն էլ ավելի ընտելացան շոտլանդական թիմի պարզունակ խաղին, իսկ, քանի որ մրցակիցը սկսեց հոգնել, թուրինցիների հակագրոհները հանդիպման վերջնամասում էլ ավելի վտանգավոր դարձան:
77-րդ և 83-րդ րոպեներին Կլաուդիո Մարկիզիոն և Միրկո Վուչինիչը ևս երկու գնդակ խփեցին՝ ամրագրելով վերջնական հաշիվը՝ 3:0 ի օգուտ իտալացիների: Այս զույգի երկրորդ հանդիպումն այլևս անիմաստ է դարձել:
Ֆրանսիական ՊՍԺ-ն իր խնդիրը 90 տոկոսով լուծեց դեռևս առաջին խաղի առաջին խաղակեսում: Արգենտինացիներ Էսեկիել Լավեսին և Խավյեր Պաստորեն մեկական գոլ հեղինակեցին՝ «Վալենսիային» բարդ կացության մեջ դնելով: Երկրորդ խաղակեսում իսպանական ակումբը այդպես էլ չկարողացավ վերականգնվել և խաղի վերջին րոպեին միայն հեղինակության գնդակ խփեց՝ 1:2: ՊՍԺ-ի համար միակ խնդիրը Զլատան Իբրահիմովիչի կարմիր քարտն է, ով մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին բաց ոտքով հարվածեց Անդրես Գվարդադոյին:
Սակայն անգամ Զլատանի կորուստը չպետք է խանգարի ֆրանսիական ակումբին սեփական հարկի տակ չպարտվել ու քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:
Այսօր 1/8 եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային», իսկ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: