ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը տարածել է փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արձանագրված խախտումների ամփոփագիրը:
Մասնավորապես, թեկնածուի նախընտրական շտաբը նշում է, որ թիվ 192 դպրոցի տնօրենը՝ Ալլա Ալբերտովնան (նա նաև թիվ N ընտրատեղամասի նախագահն է), ակնհայտ քարոզչություն է իրականացրել դպրոցում: Այս մասին հայտնել են «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ու երիտթևի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Կուսակցությունն ունի նաև ձայնագրություն և տեսագրություն:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական դրամ՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը նշում է նաև, որ բնակիչներից ահազանգ է ստացել, թե ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անունից փող է բաժանվել Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 121 և 105 դպրոցներում՝ «իբր որպես խրախուսանք լավ ուսուցիչներին և լավ աշակերտներին»:
«Վերջիններս, սակայն, ուղղորդվում են այդ դպրոցների տնօրենների կողմից՝ ընտրելու Սերժ Սարգսյանին», – հայտնել է «Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ նաև Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:
Կապան քաղաքի բնակիչ Քաջիկն ասել է շտաբի ներկայացուցիչներին, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:
Քաղաքացի Գևորգ Կալենչյանը ահազանգել է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում անհայտ անձանց կողմից անընդհատ պոկվում են Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները դրա համար հատուկ հատկացված տեղերից:
«Ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը տեղեկանալուն պես նորից մարդիկ է ուղարկում և վերստին փակցնում նոր պաստառներ, այդ օրինախախտումը շարունակ կրկնվում է: Հատկապես հաճախակի են նման դեպքերը Շենգավիթ և Արաբկիր համայնքներում: Ոստիկանությունը մինչ օրս որևէ վնասարարի չի հայտնաբերել», – նշում է թեկնածուի նախընտրական շտաբը: