Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «կռված է» ու չի կարող գյուղացիներից հող վերցնել և տալ իրանցիներին: Այս մասին Խաչատրյանն ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ պատասպանելով հարցին, թե արդյոք Սյունիքի մարզի և Իրանի Ատրպատական նահանգի ղեկավարների միջև կքնվել է մարզի հողերը վարձակալությամբ հանձնելու մասին պայմանագիր:
«Ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ` մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ` այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից: Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի՝ ա՛ռ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին: Դա հնարավոր բան չէ: Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաև էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում: Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել, առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ՝ մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին: Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է», – ասել է Սուրեն Խաչատրյանը:
Մարզպետն ասել է, որ Սյունիքի արոտավայրերի հարցը փակված է:
«Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին: Ես դեռևս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք՝ իրանցիները, գան քաղաքում կանգնեն: Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց: Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել», – նշել է մարզպետը:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ Հայաստանը և Իրանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:
Երեկ հարցին անդրադարձել է նաև Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին, ով հայտարարել է, որ առայժմ որևէ պայմանագիր ստորագրված չէ, և դեռ բանակցություններ եմ ընթանում: