Տավուշի մարզում՝ որպես «Շուրայի պովորոտ» հայտնի հատվածում, երեկ ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորվել է մեկ պայմանագրային զինծառայող Գևորգ Մելիքբեկյանը: ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկատվությունը: Նա հայտնել է, որ այս պահին վիրավորի վիճակը բավարար է:
Տավուշի Ներքին կարմիր գյուղի բնակիչներից մեկն Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս պահին կրակոցներ չեն հնչում, մինչդեռ երեկ մինչև երեկոյան ժամը 11-ը դրանք չեն դադարել:
Մեր զրուցակիցը նշել է, որ արդեն քանի օր է՝ կրակոցները սկսվում են ժամը 16-17.00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմից երեկ կրակել են Չինարիի գազատարի վրա, և գազամատակարարումը որոշ ժամանակով դադարեցվել էր, ինչպես նաև կրակել էին մեկ մարդատար մեքենայի վրա: Կրակոցները հիմնականում եղել են սահմանամերձ 4 գյուղերի վրա՝ Մովսես, Ներքին Կարմիր, Չինարի, Այգեպար:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ իրավիճակը ՀՀ Զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: