2011 թվականի հոկտեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող, 2012 թվականի նոյեմբերին դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի նկարների տարածման համար 3,5 տարվա ազատազրկման դատապարված Կարեն Արայանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Արայանն Անժելա Սարգսյանի նախկին զուգընկերն է, ինտիմ բնույթի լուսանկարները տարածել է 2011 թվականին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում:
Նամակում Արայանը պնդում է, որ մեղավոր չէ ու կալանավորվել է «չարած բանի համար»:
«Գտնվում եմ անազատության մեջ ոչ միայն չարածս բանի համար, այլև մի բանի համար, որի հետևանքով ես եմ տուժել՝ չկարողանալով կազմել ընտանիք, սակայն չգիտես ինչպես այսօր դատապարտում են ինձ և հանցանքն իրական կատարողին որպես տուժող են ներկայացնում դատարանում: Գործում չկա և գոյություն չունի և ոչ մի փաստ, որը կապացուցեր իմ մեղքը: Դատաքննության ընթացքում պարզվել է իմ անմեղությունը և մեղադրանքի շինծու լինելը, սակայն դատարանը, որը կոչված էր վերականգնելու արդարությունը, կայացրեց մեղադրական ակտ», – գրում է Արայանը:
Նամակի հեղինակը նշում է, որ գործով տուժող ճանաչված Անժելա Սարգսյանը «իրականում իմացել է, որ նա օգտագործված թաշկինակի նման դեն է նետվելու», քանի որ ինքը հարսնացու ունի, և «դատական ֆարսը կազմակերպել է խանդի հողի վրա»:
«Հուսով եմ, որ Ձեզ դիմելս իզուր չէ, և Դուք չեք արհամարհի մի ողջ ազգի կարծիք, որն իմ արդարության համար կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ հավաքած շուրջ 5000 ստորագրություններով ապացուցեց, որ ինքն էլ չի հավատում այս դատական ֆարսին:
Ես դիմում եմ Ձեզ ոչ միայն որպես քաղաքացին Նախագահին, այլ որպես հայը հային և տղամարդը տղամարդուն: Հասկանում եմ Ձեր զբաղվածության աստիճանը, բայց, գիտակցելով, որ Ձեր վայելած հարգանքն ու ունեցած իշխանությունը Ձեզ թույլ կտա, որ ընդամենը 1 րոպեում պահանջեք այս հարցի ճիշտ և արդարացի լուծում: Խնդրում եմ Ձեզանից այդ մեկ րոպեն: Այժմ ես դատավճիռը բողոքարկում եմ ՀՀ վճռաբեկ դատարանում, և, իմ խորին համոզմամբ, եթե Դուք ՀՀ վճռաբեկ դատարանից չպահանջեք արդար դատավճիռ, ապա այն նույնպես վճիռը կթողնի անփոփոխ: Կանխավ շնորհակալ եմ: Հարգում եմ, հավատում եմ, սպասում եմ», – գրել է Կարեն Արայանը:
Լուսանկարը՝ panorama.am