ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին օդային ճանապարհով Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանած ուղևորների վիճակագրությունը:
Ըստ վիճակագրության, Հայաստանի երկու՝ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից հունվարի ընթացքում մեկնել է 62 հազար 454 մարդ, ժամանել 54 հազար 29-ը: Բացասական հաշվեկշիռը կազմել է 8 հազար 425 մարդ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ անցած տարվա հունվարին մեկնած և ժամանած ուղևորների բացասական հաշվեկշիռը 6 հազար 844 էր:
Անցած տարվա հունվարի համեմատ, այս տարվա հունվարին անվերադարձ մեկնածների թիվն աճել է 1581-ով կամ 23 տոկոսով:
«Սա միայն օդային ճանապարհով: Վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ ավտոբուսներով ավելի ու ավելի շատ մարդ է հեռանում Հայաստանից: Եթե հրապարակվեր տրանսպորտային բոլոր միջոցներով ՀՀ-ից մեկնողների և ժամանողների վիճակագրությունը, պատկերը ավելի սարսափելի կլիներ», – գրում է թերթը ՝ նշելով, որ 2012թ. պաշտոնական տվյալներով Հայաստանից անվերադարձ հեռացել է 50 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի: