Փետրվարի 13-ին կայացած Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի Շախտյոր-Բորուսիա հանդիպումից առաջ ողբերգություն տեղի ունեցավ. Դոնեցկի օդանավակայանում վթարի ենթարկվեց ԱՆ-24 ինքնաթիռը, որը Օդեսայից Դոնեցկ չարտերային չվերթ էր կատարում: Ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարելուց հետո հրդեհվել է: Ինքնաթիռում էին երկրպագուները, ովքեր մեկնում էին Դոնեցկ Չեմպիոնների Լիգայի հանդիպման համար: ԱՆ-24-ում գտնվող 44 անձանցից 5-ը զոհվել են: Այնուամենայնիվ, հանդիպումը կայացավ և անցավ հետաքրքիր ու դիտարժան պայքարում: Խաղի արդյունքը՝ 2:2, կարելի է տրամաբանական համարել, չնայած «Շախտյորը» հաղթանակը բաց թողեց 87-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հյումելսը:
«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջինից բարձր կարգի հանդիպում ացկացրեց, թեև հայաստանցի ֆուտբոլիստից սպասելիքներն ավելի շատ էին գրոհների կազմակերպման փուլում: Մխիթարյանը սովորականի նման մեծ ծավալի աշխատանք կատարեց, ինչը շատ կարևոր էր լավ տեղաշարժվող և տակտիկապես գրագետ գործող գերմանական թիմի դեմ խաղում: Նա դարպասը գրավելու բավական լավ հնարավորություն ունեցավ, որը չօգտագործեց, բացի դա, Մխիթարյանի անցումից և փոխանցումից հետո գոլի հեղինակ կարող էր դառնալ Ալեքս Տեյշեյրան, բայց բրազիլացին վրիպեց:
«Շախտյորի» առաջին գնդակը խփեց Դարիո Սռնան՝ իրացնելով տուգանային հարվածը, իսկ երկրորդ գոլի հեղինակ դարձավ Դուգլաս Կոստան, ում հարվածը շատ գեղեցիկ ստացվեց: «Բորուսիայի» առաջին գնդակը խփեց Լևանդովսկին՝ հավասարեցնելով հաշիվը առաջին խաղակեսի վերջում: Փաստորեն, «Շախտյորը» ձախողեց երկու խաղակեսերի վերջնամասը, ինչը երկրորդ խաղից առաջ ֆավորիտ է դարձնում դորտմունդցիներին:
Օրվա երկրորդ խաղն էլ ավելի դիտարժան ստացվեց, չնայած «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մեկական գնդակ խփեցին:
Ողջ խաղի ընթացքում երկու թիմերն էլ հավատարիմ մնացին իրենց մարտավարությանը. մադրիդցիները մեծ ուժերով գրոհում էին, իսկ հյուրերը կիրառում էին հակագրոհների մարտավարությունը: Առաջին խաղակեսում «Յունայթեդի» կատարմամբ վտանգավոր էին ստանդարտ դիրքերը, քանի որ բավական անվստահ էր գործում դաշտի տերերի դարպասապահ Դիեգո Լոպեսը: 20-րդ րոպեին Ռունիի փոխանցումից հետո Լոպեսի և Սերխիո Ռամոսի սխալից օգտվեց Դանի Ուելբեքը, ով գլխի հարվածով գրավեց «Ռեալի» դարպասը: 10 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը՝ օդում կախվելով և անկասելի գլխով հարված կատարելով: Առաջին կեսի ընթացքում «Ռեալն» ավելի ակտիվ էր և չօգտագործեց մի քանի իրական պահ, իսկ ահա երկրորդ կեսում մադրիդցիները չէին կարողանում նույնքան արագ ու տեմպային ֆուտբոլ խաղալ, ինչը հնարավարություն էր տալիս «Յունայթեդին» ավելի լավ պաշտպանվել: Դրվագներից մեկում փայլուն գործեց հյուրերի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով ձախ դարպասաձողից տեղաշարժվելով դեպի աջը, կարողացավ ոտքով հետ մղել Ֆաբիու Կոենտրանի մոտ տարածությունից կատարած հարվածը:
Ինչ վերաբերում է «Յունայթեդի» գրոհներին, ապա դրանք սակավաթիվ էին, բայց ավելի վտանգավոր, քան առաջին կեսում: Երեք պահ չօգտագործեց Ռոբին վան Պերսին. մի դեպքում գնդակը Լոպեսի ձեռքից անդրադարձավ դարպասաձողին, երկրորդ դրվագում Չավի Ալոնսոն դուրս բերեց գնդակը դատարկ դարպասից, իսկ հանդիպման վերջում կրկին հաջող խաղաց «Ռեալի» դարպասապահը՝ փրկելով իր թիմին մանչեսթերցիների հարձակվողի հարվածից հետո:
Այս հակամարտության ելքը բաց մնաց, և ներկա պահին երկու թիմերի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները կարելի հավասար գնահատել: