Քիչ առաջ 25-րդ օրը հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին են այցելել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդատական առաքելության ներկայացուցիչները՝ խորհուրդ տալու, որպեսզի թեկնածուն դադարեցնի հացադուլը:
Հանդիպումից հետո դիտորդական առաքելության փոխնախագահ Տոնինո Պիկուլան Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց այցի առաջնային նպատակն էր իմանալ, թե ինչու է Ղուկասյանը դիմել ընտրակեղծիքների դեմ պայքարելու նման ծայրահեղ միջոցի:
«Ես իմ պրակտիկայում չէի հանդիպել հացադուլի դիմած թեկնածուի: Մեզ Ղուկասյանը բացատրեց, թե ինչ պահանջներ ունի և ինչի համար է պայքարում: Մեր խորհրդին՝ դադարեցնել հացադուլը, կարծես չի հետևելու, բայց դա իր իրավունքն է, հորդորում ենք՝ գոնե 18-ին դադարեցնի հացադուլը, սակայն ասում է, որ իր հայտարարությանը հավատարիմ՝ դա կանի փետրվարի 20-ին»,- ասել է Պիկուլան:
Դիտորդն ասել է, որ իրենց այցը շատ կարևոր է, քանի որ իրենց զեկույցում անդրադառնալու են ոչ միայն ընտրությունների ընթացքին, այլև քաղաքական-հասակական ֆոնին, որի ներքո քվերակությունը կայանալու է:
Epress.am-ը նաև հարցրել է, թե ինչ է դիտորդը մտածում իրենց դեմ կազմակերպված քաղաքացիական ակցիաների մասին, որոնց կազմակերպիչները պահանջում են դիտորդներին լքել երկիրը և չճանաչել կեղծ ընտրությունները:
«Այդ ակցիաների մասին գիտեմ: Կուզեի ասել, որ մենք այստեղ չենք եկել խորդուրդ տալու հայաստանցիներին հրաժարվել ժողովրդավարությունից, այլ ժողովրդավարացման գործընթացին աջակցել»,- ասել է Պիլուլան:
Դիտորն ասել է նաև, որ ինչպես Ղուկասյանի հացադուլի, այնպես էլ միջավայրի այլ գործոնների, օրինակ, Հայրիկյանի դեմ մահափորձի մասին իրենց գնահատականը հայտնելու են փետրվարի 19-ին կայանալիք մամուլի ասուլիսին: