Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում Է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերին ու Էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռ Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003 թվականից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն:
Ըստ Թամազյանի` ոստիկանությանը տված բացատրությունների` դաշինքի հիմնական զործունեությունը կայանում է օրենքով չարգելված բոլոր միջոցներով աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ պայքար իրականացնելու մեջ:
Նա մասնավորապես նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևանի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա: Հիշյալ որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել:
Թռուցիկներ փակցնելով, ըստ Թամազյանի, իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմաված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցկիներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրականացնել ՀՀ նախսգահի թեկնածու Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին:
Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական զործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորություևը և ազատ բարքերը:
Այսպիսով` ոստիկանությունը նախապատրաստած նյութերով պարզել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև` բարի համբավը չեն նսեմացվել, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև` դրական ազդեցություն, քանի որ Արևմուտքում՝ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը:
Վերը նշվածը հաշվի առնելով` հետաքննիչը եզրակացրել է, որ Թամազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած ՀՀ նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և պարզաբանվել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել, հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը:
Լուսանկարը՝ Aravot.am-ի