Տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձևաչափով, այլ ավելի «քաղաքակիրթ» դրսևորմամբ, իր այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը:
«Ըստ այդմ, ԲՀԿ-ն ոչ թե կստանա պորտֆելներ ապագա կառավարությունում, այլ Երևանի քաղաքապետի պաշտոնը: Քաղաքագիտական իմաստով` ԲՀԿ-ն չի կարող մաս կազմել կոալիցիային, քանի որ չի սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, սակայն կարող է հաղթել այս տարվա մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի երկու խոշոր քաղաքներում` Երևանում և Գյումրիում, կլինեն ԲՀԿ-ական քաղաքապետեր, գումարած` Իջևանի, Սիսիանի և Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետերը: Սա ավելի մեծ քաղաքական ազդեցություն է, քան նույնիսկ կառավարության կեսը` վարչապետով հանդերձ: Արդյունքում` կստացվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասն ապրում է ԲՀԿ-ական քաղաքապետերի կողմից ղեկավարվող համայնքներում: Տեղական իշխանությունը բավական լուրջ հնարավորություն կտա ԲՀԿ-ին և նրա ետևում կանգնած ուժերին` հավակնել իշխանությանը հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններում», – նշում է թերթը:
«168» ժամըն ընդգծում է, որ ԲՀԿ-ում չեն բացառում, որ իշխանության համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կարող է գլխավորել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: