2008 թվականին «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված, այս տարվա հունվարին մահացած Նարեկ Խաչատրյանի հայրը՝ Նորիկ Խաչատրյանը, տեսանյութ է ուղարկել Еpress.am-ի խմբագրություն՝ տեղեկացնելու՝ ինչպես են «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները վերաբերվում իրենց կենտրոնում վիրահատվող կամ բուժում ստացողների հետ, ինչի հետևանքով, Խաչատրյանի խոսքով, հիվանդը անելանելի վիճակում է հայտնվում:
«Որդիս մայր չունի, ծնված օրից ես եմ պահել՝ միայնակ: 2006 թվականին դիմեցի «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը, որպեսզի օգնեն որդուս բուժման հարցում: Ինձ ծանոթացրին ոմն հրաշագործ, մանկական օրթոպեդ Արշակ Միրզոյանի հետ, որը «Նաիրի» բժշկական հիվանդանոցում էր աշխատում: Նա խոստացավ, որ կվիրահատի որդուս՝ կողքի մասի հոդախախտը տեղը կգցի, նաև ոտքը, որն ուներ 4,5 սմ կարճություն, կերկարացնի ու հետագայում այլևս երեխան պրեբլեմներ չի ունենա», – տեսնյութում պատմում է Խաչատրյանը:
Վերջինս տեղեկացնում է, որ ինքը համաձայնել է բժշկի առաջարկած պայմաններին, ինչից հետո՝ 2008 թվականին «Վորլդ Վիժն»-ը վճարել է Միրզոյանին 3500 ԱՄՆ դոլար, ևս 1500 դոլար վճարել է մեկ այլ բարերար, 2008 թվականի հուլիսի 7-ին որդուն վիրահատել են:
«Այսպիսով՝ 4 ժամ տևած վիրահատությունից հետո որդուս տեղափոխեցին պալատ ու մինչ հաջորդ օրը ոչ մի խնամք չեղավ երեխայիս նկատմամբ», – պատմում է բողոքող հայրը:
Շարունակելով պատմությունը՝ Խաչատրյանը նշում է, որ վիրահատության հաջորդ օրը իրեն ստիպել են երեխային վերցնել ու տանել տուն՝ խոստանալով բուժքրոջը ուղարկել երեխային խնամելու, ինչը չեն արել:
Վերջինս շեշտում է, որ ինքը այդ ընթացքում փորձել է գտնել «Վորլդ Վիժն» -ի աշխատակիցներին՝ պարզելու՝ ինչումն է բանը:
«Չէի կարողանում գտնել ու հասկանալ, թե ինչո՞ւ է 4 ժամվա համար վճարվել 4500 դոլարը, այնինչ գումարային հարցերը լուծելիս նախապես ինձ հետ ոչինչ չի ճշտվել ու գաղտնի կերպով, ինձ խաբելով, առանձին, երկու կողմերը՝ «Վորլդ Վիժն»-ը և Արշակ Միրզոյանը ի՞նչ են կատարել», – պատմել է Խաչատրյանը:
«Զայրացած դիմեցի Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, օրթոպեդներ կանչեցին, հարցը քննարկեցին, սակայն ամեն ինչ հիմնված էր կողմնապահության վրա ու ինձ ոչ մի ձայնի իրավունք չտրվեց», – պատմում է Խաչատրյանը:
Խնդրի շուրջ Epress.am-ը զրուցել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության PR մենեջեր Ժիրայր Էդիլյանի և վիրահատությունը կատարած բժիշկ Արշակ Միրզոյանի հետ:
Էդիլյանը նշել է, որ Նարեկը դեռևս 2005 թվականից համարվել է իրենց կազմակերպությունում գործող հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոնի գրանցված շահառուն:
«Մեկուկես տարի անց վիրահատության անհրաժեշտություն առաջացավ, ու «Վորլդ Վիժն»-ը բժիշկ Միրզոյանի հետ համատեղ քննարկեց ու համաձայնության եկավ՝ հոգալ վիրահատության ծախսերը: Ընդհանուր գումարի 3000 դոլարը վճարվել է մեր կողմից, իսկ 1500 դոլարը բժիշկն է ստացել «Ապավեն» հ/կ-ի կողմից, ինչից հետո բժշկի հետ կնքում ենք ծառայությունների մատուցման պայմանագիր: Վիրահատությունից հետո բոլոր եզրակացություններում նշվում են, որ այն անցել է նորմալ, ու ծնողը տեղեկացված է եղել, որ հնարավոր են հետվիրահատական բարդություններ՝ բարդ վիճակից ելնելով: Նաև ծնողին ասվել է, որ մեկ վիրահատությունը բավարար չէ, պետք է հետևեն ևս երկուսը, նաև շեշտը դրվել է նրա վրա, որ շատ կարևոր է հետվիրահատական խնամքը: Նորիկ Խաչատրյանը, ծանոթանալով պայմաններին, համաձայնագիր է ստորագրել», – ասել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ տրամադրված գումարը նախատեսված է եղել միայն վիրահատության համար և իր մեջ չի ներառել հետագա բուժումը:
«Հետվիրահատական շրջանում բժիշկը հետևել է տղային, աշխատել են մեր կենտրոնի հոգեբանները, ովքեր, ի միջի այլոց, փաստում են, որ այդ ժամանակ հայրը դպրոցում գիշերային պահակ է աշխատել ու շատ անգամ երեխան միայնակ պառկած է եղել՝ զրկված խնամքից, ինչը շատ կարևոր էր: Խնդիրը վիրահատության որակի մեջ չի եղել, եղել է ծնողի բացթողումը»,- նշել է Էդիլյանը:
Այնուհետ, վերջինիս խոսքով՝ Առողջապահության նախարարի հանձնարարականով բժիշկների խորհուրդ է հրավիրվում և ստուգվում են բոլոր փաստաթղթերը, ու եզրակացությունը եղել է այն, որ պրոբլեմներն առաջացել են հետվիրահատական շրջանի պատճառով, սակայն լուծումներ դեռ կան:
«Այդ ժամանակ ծնողին «Նաիրի» բուժկենտրոնի կողմից առաջարկվել է անվճար խնամք ու բուժօգնություն, ինչից հայրը հրաժարվել է: Նա պահանջել է կամ պատճառած վնասի փոխհատուցում, կամ գումար՝ երեխային Եվրոպայում բուժելու համար»,- նշել է Էդիլյանը՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը գրեթե միշտ ներկա է եղել քննարկումներին, քանի որ իրենք պարտավորություն են ունեցել հետևել շահառու երեխայի ճակատագրին:
Նա նաև հիշեցրել է, որ իրենց կազմակերպությունը գաղտնի ոչ մի գործարք չի արել, իրենց արխիվներում պահպանվում են բոլոր պայմանագրերը:
Еpress.am-ի հետ զրույցում վիրահատող բժիշկ Միրզոյանը նշել է, որ երեխան ունեցել է մի շարք արատներ՝ կապված նյարդային համակարգի հետ:
«Նարեկն ուներ շատ բարձր հոդախախտ: Վիրահատությունը իրականացրել ենք Ելիզարովի ապարատով, այնպես որ ոչ մի նոր, անփորձ բան չեմ արել», – ասել է բժիշկը:
Մեր զրուցակիցը նշել է, որ վիրահատությունից անմիջապես հետո հայրը փորձել է դատի տալ «Վորլդ Վիժն»-ին, այսինքն ի սկզբանե խնդիրը իիր հետ չի եղել: «Հայրը փորձում էր երեխայի պրոբլեմների վրա նյութական շահ գտնել և, ճիշտն ասած, շատ բացասական էր մեր վերաբերմունքը հոր նկատմամբ: Անգամ զայրացած ասել եմ՝ եթե Նարեկը լիներ մանկատան երեխա, բուժումն ավելի արդյունավետ կլիներ», – ասել է Միրզոյանը:
Վերջինս փաստել է, որ ունի բոլոր ռենտգեն հետազոտության պատասխանները և պատրաստ է դրանք ներկայացնել աշխարհի բոլոր բժիշկներն ու եթե բժշկական սխալ կգտնեն, ինքը պատրաստ է պատասխան տալ:
«Որպես վիրահատող բժիշկ ես իմ մեղքը չեմ տեսնում, այնինչ հայրն ասում է, որ վիրահատական սխալ, այնուհետ անուշադրություն, հետո էլ կողմնապահություն է եղել: Նշեմ նաև, որ վիրահատությունից հետո երեխան վազել է, ինչը փաստում են ականատես բժիշկները», – նշել է մասնագետը:
Նա նաև պարզաբանել է, որ վիրահատության գումարը «Վորլդ Վիժն»-ը փոխանցել է իրենց հաշվեհամարին, քանի որ նախկինում դեպքեր են գրանցվել, երբ հովանավորը գումարը տրամադրել է ընտանիքին, իսկ ընտանիքի անդամները, փոխանակ հոգան երեխայի բուժման ծախսերը, կով են գնել:
«Չեմ ուզում մեկնաբանել հոր խոսքերը, քանի որ դրանք ամբողջությամբ սուտ են, ու խորհուրդ եմ տալիս դիմել այս հարցում ներգրավված կազմակերպություններին ու անհատներին՝ պարզելու համար իսկությունը»,- ասել Միրզոյանը:
Նա նաև դժվարացել է պարզաբանում տալ հոր հնչեցրած մի շարք մեղադրանքներին՝ ընդգծելով, որ Նորիկ Խաչատրյանը ի սկզբանե հակված է եղել ոչ թե լուծել երեխայի խնդիրը, այլև խնդրի մեջ խնդիր է փնտրել: