2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով դիմել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին.
«Հինգ տարի առաջ այս օրերին բոլորս ոգևորությամբ կարծում էինք, թե նոր ընտրություններով կերտելու ենք Ազատ Հաայստան: Սակայն քոչարյանասերժական հանցավոր վարչախումբը, օգտագործելով բանակը, գնդակահարեց սեփական ժողովրդին և զավթեց իշխանությունը: Հինգ տարվա մեջ ոչ մեկը պատասխանատվություն չկրեց սպանությունների, ձերբակալությունների և այլ անօրինական գործողությունների համար: Հիմա նորից կանգնել ենք ընտրության շեմին՝ ընտրության միջոցով փոփոխության հասնելու հավատը կորցրած:
Սակայն ես երբևէ չեմ կասկածում, որ հայ ժողովուրդը կմոռանա իր կորցրած նահատակներին, կուրանա նրանց թափած արյունը: Ուստի կոչ եմ անում հայաստանցի ընտրողներին, բոլոր այն ազատամիտ քաղաքացիներին, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին տղայիս հետ գտնվում էին Մյասնիկյանի արձանի շրջակայքում, ովքեր զգում էին ազատության շունչը և պայքարում դրա համար, կատարե՛ք ընտրություն խղճի թելադրանքով, ձայն մի՛ տվեք Սերժ Սարգսյանին, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն: Անմեղ մարդկանց արյունով եկած նախագահը չի կարող ստեղծել ապահով Հայաստան: Իշխանությունը զավթածը չի կարող ստեղծել իրավունքի երկիր: Թույլ մի տվեք, որ Մարտի 1-ի սպանդը կոծկվի առաջիկա ևս հինգ տարիների ընթացքում, որ ձեր հայրենակիցները լքեն երկիրը»: