Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տևական ժամանակ է, ինչ Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամասում է։ Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի վկայությամբ` պատգամավորը վստահված անձ չէ և գրանցված չէ գրանցամատյանում։
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Կարապետյանը գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու գրանցված չէ, Ավետիսյանը հակադարձեց, թե գրանցված է։ Այդուհանդերձ, երբ պարզվեց, որ պատգամավորի անունը գրանցամատյանում չկա, հանձնաժողովի նախագահը խոստացավ դուրս հրավիրել նրան։