ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի տեղեկատվական կենտրոնը փետրվարի 18-ին 08:00-18:00 միջակայքում խախտումներ է արձանագրել:
Մասնավորապես, մի քաղաքացի հայտնել է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է:
«Դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել և հետ է պահանջել դրամը», – նշում են շտաբի ներկայացուցիչները:
Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ 4-րդ գյուղում դպրոցներից մեկում Սամվել Ալեքսանյանը հավաքել է երկու մանկապարտեզների բոլոր աշխատակիցներին եւ յուրաքանչյուրին 25.000 ընտրակաշառք տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
Համաձայն շտաբի տեղեկությունների, Սերժ Սարգսյանի համար դռնեդուռ ընտրակաշառք է բաժանվել նաև Երևանի Էրեբունի համայնքում և Լոռու մարզի Կաթնառատ գյուղում:
«Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչները տարբեր տեղամասերում նաև լցոնման դեպքեր են արձանագրել:
«Քարաձորի գյուղապետ Արայիկ Մատինյանը՝ մտնելով գյուղում տեղակայված 29/24 ընտրատեղամաս՝ որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ, հովանավորում է լցոնումը և ուղղորդված քվեարկությունը, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կատարել հանձնաժողովի անդամի` խախտումների փաստերը գրանցամատյանում արձանագրելու պահանջը», – մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
Աշտարակի Նազրվան և Օհանյան գյուղերում գյուղապետերն ու նրանց մարդիկ ընտրողներին ստիպել են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Քաղաքացի Ասատուր Պապյանի վկայությամբ՝ Զովունի գյուղի գյուղապետը և նրա մարդիկ ընտրողներին նույնպես ստիպել են բաց քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Բաց քվեարկության են դրդում նաև Վարդենիսի Աղբյուրաձոր գյուղում:
Շտաբը նաև տեղեկացնում է, որ Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 9/1 ընտրատեղամասի վստահված անձի հաղորդման համաձայն՝ տեղամասում կրկնակի քվեարկություններ են տեղի ունենում:
«Գյումրիի 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամի ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն հակոբյանը ականատես է եղել մի շարք ընտրախախտումների, այդ թվում տեղամասում Սերժ Սարգսյանի երկրորդ վստհված անձ Սուքիաս Ավետիսյանի ներկայության: Ռուբեն Հակոբյանի պահանջը` կատարել օրենքի պահանջը բերել է վիճաբանության: Արդյունքում ակնհայտորեն գործող նախագահի շահերը պաշտպանող մի դիտորդ բողոք է ներկայացրել Գյումրու քաղաքային ոստիկանությանը Ռուբեն Հակոբյանի դեմ: Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն և այժմ գտնվում է այնտեղ», – նշված է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Epress.am-ը զանգահարել է Շիրակի մարզային և Գյումրիի քաղաքային ոստիկանություն: Երկու դեպքում էլ մեզ ասել են, որ Ռուբեն Հակոբյան անունով մարդ ոստիկանությունում չկա: