Հայաստանում «Gallup»-ի բրենդի ներքո իրականացվող հարցումները որևէ կապ չունեն Gallup կազմակերպության պաշտոնական գործունեության հետ։ Այս մասին ասվում է «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների Gallup-ին ուղղված մասնավոր հարցմանն ի պատասխան ստացած էլեկտրոնային նամակում: Նշենք, որ երեկ նախագահական ընտրություններից հետո հայաստանյան Գելափի անցկացրած էքզիտ-փոլերի տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանը հավաքել էր ձայների 58 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 32:
«Ստացվում է, որ հայկական իշխանական լրատվամիջոցներով տարածվող այդ տեղեկությունները զուտ տեղային բնույթ են կրում և նպատակ ունեն նախնական թոզ փչելու հանրության աչքերին», – գրում է «Մեր քաղաք»-ը՝ ներկայացնելով Gallup-ից ստացած նամակը:
«Շնորհակալություն Gallup-ին դիմելու համար: Եթե դրանք (Հայաստանում անցկացվող հարցումները) Gallup-ի հարցումները լինեին, ապա մեզ մոտ գրանցված կլինեին: Ավելին, եթե երրորդ կողմը իրականացնում է հարցումը, ապա մենք դա դիտում ենք որպես համագործակցություն և այդ տեղեկատվությունը նույնպես գրանցում ենք: Gallup-ի տեղեկատվությունն ու հարցումները գտնելու համար կարող եք օգտվել մեր WorldView համակարգից: Դուք կարող եք գրանցվել անվճար և անհրաժեշտ տեղեկությունները գտնել այստեղ՝ https://www.gallup.com/registration/default.aspx?ad=WorldView#4:
Բացի դա, կարող եք անվճար հաշիվ գրանցել և հետևել բոլոր հարցումներին, որոնք իրականացվում են WorldPoll համակարգի միջոցով՝ https://wpr.gallup.com/Account.aspx?ReturnUrl=%2FHome.aspx: