«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր համակիրների հարցերին կպատասխանի Ազատության հրապարակում: Հավաքը նախատեսված է ժամը 17:00-ին:
Երեկ կեսգիշերին մոտ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ անցած ընտրություններին ոչ ոք չի պարտվել, պարտվել է միայն վախը, իսկ հաղթել է հայ ժողովուրդը:
Հովհաննիսյանի խոսքով՝ 5 տարի անց ինքը «վերընտրություն չի հետապնդելու», այլ ապահովելու է արդար և ազատ ընտրություններ և իշխանությունը փոխանցելու է նոր սերնդին:
Ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում «Ժառանգության» առաջնորդը հայտարարություն է տարածել, որի մեջ ասված է.
«Խնդրում եմ խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի և այլ սադրանքների չենթարկվել: Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը ամուր են: Տեղում անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն ՎՍՏԱՀԵԼԻ անձինք: Վտանգ կա, որ որոշ ուժեր կփորձեն սադրել ու ստվերել Րաֆֆիի հաղթանակը: Հիշեք նախընտրական իրադարձությունները: Զգոն, հանգիստ ու հավասարակշռված»: