Ժողովուրդն ապացուցեց, որ նա ունի իրավիճակը գնահատելու ունակություն, որ նա ժողովրդավարական երկրի ժողովուրդ է և չի հանդուրժում բռնապետություն: Վերլուծելով երեկ կայացած նախագահական ընտրությունները՝ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Ըստ Նեդոլյանի՝ այն, որ ժողովուրդն այդ որակն ունի, պետք է հիշել հետագայի համար:
«Փաստորեն, մարդիկ ունեն ինտուիտիվ մակարդակի վրա իրենց կամքը միահյուսելու տաղանդ: Սա մտածելու տեղ է տալիս: Այսինքն՝ մարդկանց ներքին որոշումը կայացնելու միջոցը չեն մենաշնորհել»,- ասել է Նեդոլյանը՝ նկատելով, որ այդ ընդունակության առկայությունն ավելի գնահատելի է, քանի որ կոմունիկացիայի ճանապարհները, ԶԼՄ-ները ևս իշխանության վերահսկողության տակ են:
Հետագա զարգացումների մասին խոսելով ՝ Նեդոլյանը միանշանական լավատեսությամբ չի արտահայտվել: Ըստ նրա՝ ամեն ինչ այժմ կախված է փաստացի հաղթանակ տարած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից:
«Ժամը 17.00-ին Ազատության հրապարակում կայանալիք ակցիան լեգիտիմ ընդդիմության ակցիա է: Բայց թե ինչ կկատարվի այդ ընդդիմության հետ, կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից և նրա որոշումից՝ կգնա արդյոք հրապարակային պայքարի, թե՝ ոչ», – ասել է Նեդլոյանը: