Այսօր մի խումբ քաղաքացիներ, հասարակական ակտիվիստներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի բակում «Չծնված ժողովրդավարության վախճանը» գրությամբ սև ժապավենով ծաղկեպսակ են տեղադրել:
Ակցիան իրականացրած քաղաքացիների կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում գտնվողները ժողովրդավարասպան են:
«Այս կառույցում գտնվող հանցագործները նպաստել են ժողովրդավարության վախճանին, որոնք պետական հանցագործություններ են անում, խախտում են բոլորիս իրավունքները և չեն թողնում երկրում հաստատել ժողովրդի իշխանությունը, նրանք նպաստում են հանցավոր ռեժիմի վերարտադրմանը», – ասել է ակցիայի մասնակից Գևորգ Սաֆարյանը:
Ակցիայի մեկ այլ մասնակից` Սևակ Կիրակոսյանը, ասել է, որ ինքը եկել է մեռելոցի մասնակցելու՝ դրա համար էլ որպես խորհրդանիշ հագնել է սև զգեստ ու կապել սև գլխաշոր:
Ծաղկեպսակը շենքի մոտ տեղադրելու համար ակտիվիստները ստիպված են եղել բանակցել ոստիկանների հետ, ովքեր պատ կազմած, արգելել են այն մոտեցնել շենքին՝ պատճառաբանելով, թե ակցիայի մասնակիցները խանգարում են ԿԸՀ-ի աշխատակիցների մուտք ու ելքին:
«Լավ ենք անում, խանգարում ենք, իրանք որ կեղծում են… մենք էլ սա ենք անում: Ո՞ր օրենքով է արգելված սա դնել այնտեղ, մենք սա պետք է դնենք այնտեղ, դիմացը՝ մեռելի մոտ, մահացել ա, մենակ պսակն է դրվելու: Մենք չենք դնելու դռան վրա,մենք գիտենք՝ որտեղ ենք դնում: Պարոն ոստիկան, դուք խոչընդոտում եք մեր ակցիան», – Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանին դիմելով՝ ասաց ակցիայի մասնակից Կարեն Հարությունյանը:
Ակտիվիստները պարբերաբար բարձրախոսով դիմել են ոստիկաններին՝ մարդկանց ազատ տեղաշարժը չխոչընդոտելու կոչերով: Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին հաջողվել է մոտեցել պսակը ԿԸՀ-ի շենքին: Վերջիվերջո, ակտիվիստները պսակը տեղադրել են բակում՝ խոտերի մեջ:
«Ստեղ դիակ կա, պսակ կա ու պսակը պետք է դրվի դիակի մոտ»,- ասել է ակտիվիստներից մեկը, ինչին հետևել է լրագրողի հարցը՝ «իսկ ու՞մ դիակն է», ինչին ի պատասխան ակտիվիստներից մեկը պատասխանել է՝ «Սերժ Սարգսյանի»: