Ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր հրաժարվեց ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին: Դիտորդներն, ովքեր նախընտրական շրջանում և ընտրությունների օրն աշխատել են Շիրակի մարզում և այդ ընթացքում մի քանի անգամ այցելել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն՝ նաև փետրվարի 18-ի գիշերը, երբ հարձակման թիրախում էր «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքէջը, ցանկանում էին ՀՀ-ից մեկնելուց առաջ, կրկին հանդիպել «ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջ հետ: Սակայն Վահան Խաչատրյանն այս անգամ մերժեց հանդիպելու նրանց խնդրանքը:
«Այն բանից հետո, երբ նրանք նախնական զեկույց հրապարակեցին՝ «ընտրությունները» որակելով մեկ քայլ առաջ, ես որոշեցի այլևս ժամանակ չտրամադրել այդ պատվիրակությանը: Ես գիտեի, որ նման բովանդակությամբ զեկույց են հրապարակելու և նախապես, մեր հանդիպումներից մեկի ժամանակ, նրանց ևս ասել եմ այդ մասին: Ընտրախախտումների մասին հեռուստաընկերության և կայքէջի լուսաբանումներից հետո, երբ դիտորդները եկել էին ծանոթանալու «ԳԱԼԱ»-ի աշխատանքին, ես նրանց ասել եմ, որ մեր ներքին խնդիրները մենք ենք կարգավորելու և ես առանձնապես իրենց հետ հույսեր չեմ կապում: Առաջարկել եմ նաև զեկույցի իրենց վերջնական տեքստը հենց մեր այդ հանդիպման ժամանակ գրել, քանի որ նախապես տեղյակ էի, թե վերջում պաշտոնական ինչ հայտարարություն են հնչեցնելու: Նախապես արդեն գիտեի, որ ամեն ինչ տեսնելու և լսելու են, իսկ վերջում հայտարարելու են, որ ընտրական այս գործընթացը մեկ քայլ առաջ էր: Բայց մեր առաջին հանդիպման ժամանակ նրանք այլ բան էին վստահեցնում, թե իբր ճշգրիտ և օբյեկտիվ ինֆորմացիա են տալու իրենց ղեկավարությանը»,-ասաց «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ Շիրակի մարզում աշխատող դիտորդները տեղյակ են եղել Գյումրիում նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գրանցված բոլոր խախտումներից: «ԳԱԼԱ»-ում նրանք նաև ծանոթացել են մի շարք փաստերի ու ապացույցների հետ /տեսանյութերի և ձայնագրությունների տեսքով/, որոնք անգամ հասանելի չեն եղել ոստիկանությանը:
«Հիացած էին, զարմանում էին, թե ինչպիսի երիտասարդ եռանդուն աշխատակազմ ունենք, նշում էին, որ այդպիսի համարձակ, անշահախնդիր աշխատանք չեն տեսել, և որևէ հեռուստաընկերություն չի համարձակվում նման տեսանյութեր ցուցադրել»:
Ընտրություններից առաջ և բուն օրը մի քանի անգամ նրանք այցելել են հեռուստաընկերության գրասենյակ և անհամեմատ ավելի շատ տեղեկություններ ունեին, քան հրապարակվել է: Անգամ, երբ «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքէջը հարձակման էր ենթարկվել, նրանք այցելեցին մեր գրասենյակ: Եվ այսքանից հետո, երբ պարզ դարձավ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդների նախնական զեկույցի բովանդակությունը, նրանց հետ հանդիպելու ցանկություն, բնականաբար, այլևս չունեի», – եզրափակեց Վահան Խաչատրյանը:
Լուսանկարը՝ 168 ժամ-ի