2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) և 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Հաղոդրագրության մեջ նշված է, որ Արարատի մարզի դատախազությունը երեկ քրեական գործ է հարուցել թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Մասնավորապես`‹‹Hetq.am» ինտերնետային կայքում էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասումե վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է և կազմվել արձանագրություն։
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
«ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում փետրվարի 18-ին հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Մասնավորապես, 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14։25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից:
Ահազանգերի, ստացված հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստումը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: