Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով ու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպերով։ Այս մասին ասված է մի շարք կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:
«Այսպես՝ Արտաշատ քաղաքի 17/05 տեղամաս մուտք գործած մի խումբ երիտասարդներ ուժ են կիրառել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ. մի քանի հոգի բռնել են նրա ձեռքերը ու թույլ չտալով նկարահանում կատարել՝ մի կողմ են տարել, մինչ մյուսները լցոնում էին իրականացնում: Ավելի ուշ՝ երեկոյան 19։00-ի սահմաններում, Սերժ Սարգսյանի՝ Երևանի Խորենացու փողոցում գտնվող նախընտրական շտաբի մոտ կանգնած մի խումբ մարդիկ նախ արգելել են «1in.am» լրատվական կայքի թղթակից Մարինե Խառատյանին եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանին մտնել շտաբ, իսկ հետո՝ բռնությամբ խլել նրանց տեսա և ֆոտոխցիկներն ու հայհոյանքով պահանջել, որ հեռանան։ Արձանագրվել են նաեւ սպառնալիքի եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտման այլ դեպքեր», – ասված է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները նշում են, որ այս փաստերը մեկ անգամ ևս հաստատում են, որ Հայաստանում, որպես կանոն, քաղաքական լարված իրավիճակներում սաստկանում են լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները։
«Իշխանությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմինները, սովորաբար մատների արանքով են նայում նման միջադեպերին և մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու փոխարեն նման գործերը կարճելու տարօրինակ «հիմնավորումներ» են բերում։ Իսկ անպատժելիությունը նորանոր հանցանքներ է ծնում:
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր վրդովմունքն ենք արտահայտում ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների կապակցությամբ և իշխանություններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ միջադեպերը մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», – ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են՝
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ
ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ-Ն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԸ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ-Ը
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ-Ն
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ-Ն
«ԷԿՈԼՈՒՐ» ՀԿ-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ն
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
«ԵՐԱՇԽԻՔ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՐԻՔ» ՀԿ-Ն