ՀՀ նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այս մասին Panorama.am-ին ասել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահը կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված հանդիպելու առաջարկը:
«Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ», – ասել է Արմեն Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին կոչ էր արել մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 17.00-ը, հանդիպել իր հետ և կազմակերպել «իշխանության փոխանցումը ժողովրդին»:
«Ուզում եմ սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը և լսել նրա շնորհավորանքը ժողովրդի հաղթանակի կապակցությամբ», – հայտարարել էր Հովհաննիսյանը: