Այս պահին Ազատության հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր ժամը 18:00-ին պետք է լսեն Րաֆֆի Հովհաննիսյանին:
Մինչ Հովհաննիսյանի գալը մարդկանց մտահոգությունները, որոնք առաջացել են այսօր ՀՀ նախագահականի մոտ, փորձել են փարատել «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանը և Ստյոպա Սաֆարյանը:
Հավաքվածներից մեկը Սաֆարյանին հարցրել է, թե արդյոք իրենք կարող են համոզված լինել, որ որևէ գործարք չի կնքվի իշխանությունների հետ:
Սաֆարյանն ասել է, որ ինքը 1996 թվականից ընդդիմություն է, և իր ու իր ընկերների վրա մարդիկ կարող են չկասկածել:
«Ոչ մի իշխանություն չի կարող ժողովրդի դեմը փակել: Կուսակցություններին կարող են ճնշել, բայց եթե ժողովուրդը միասնական լինի՝ ոչ», – ասել է Սաֆարյանը՝ կոչ անելով ակտիվ մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:
Սաֆարյանն ասել է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի ժողովրդի հետ, սակայն հետագա քայլերի և Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին կասի վաղվա հանրահավաքին:
Իր ելույթում Զարուհի Փոստանջյանն ասել է, որ Բաղրամյան 26-ը դառնալու է բանտախուց Սերժ Սարգսյանի համար, եթե նա իշխանությունը չվերադարձնի ժողովրդին:
Հավաքվածներից մեկը, ով ներկայացել է որպես Գևորգ Հակոբյան, մտահոգություն է հայտնել, որ հնարավոր է՝ իշխանությունները կրակ բացեն խաղաղ ցուցարարների վրա:
Մի քանի մարդիկ էլ հակադարձել են, թե «այսպես ապրելն ավելի վատ է, քանի գնդակից մեռնելը»:
«Մենք արդար ընտրություններ ենք ուզում: Ու չենք ուզում, որ մեր երեխեքին՝ մեր բանակը հանեն մեր դեմ կռվելու»,- ասել է Հակոբյանը:
Հավաքվածների դիմաց ելույթ է ունեցել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը՝ նշելով, որ վաղը ժամը 17:00-ից «սկսվելու է ամենաուժգին պայքարը»: Նա ասել է, որ ինքը իր 5 երեխաներով լինելու է «թե Րաֆֆիի, թե ժողովրդի կողքին»: