Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցներին միացել էին ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր հաճախ են բողոքի ակցիաներ անցկացնում նախագահականի մոտ: Նրանք նույնպես դժգոհում էին ընտրությունների արդյունքներից և դիտորդական առաքելություններից:
2007թ. Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ասել է, որ խոպանչի դիտորդները իրենց խայտառակ դիտորդական առաքելությունը կատարեցին, կառավարության գրպաններն ու կարասները դատարկեցին, իրենց գրպանները լցրեցին ու հայտարարեցին, որ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանում են:
«Ի՞նչ է եղել՝ մի ամիս խոպան էին եկել, 5 տարի կապրեն: Հիմա էլ կգնան, թող մեր ժողովուրդն էլ գնա ռուսաստաններում ու արտերկրներում ստրկություն անի, փող աշխատի, որ ուղարկի ընտանիքը պահի: Ինչի՞ են մտնում, «Մարիոթ» հյուրանոցում խոսում, եթե հարգանք ունեն, թող դուրս գան ու մեզ ասեն, որ ընտրությունները համապատասխանում են», – հայտարարել է Գոհար Սարգսյանը:
Բացի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ իրենց բողոքը արտահայտելուց, մայրերը խոսել են իրենց խնդիրների մասին: Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում էին դուրս գալ ու պատասխան տալ՝ չկատարած խոստման համար:
«Եթե, իրոք, քեզ ընտրել ենք, ինչի՞ ես վախենում՝ ճաղերի հետևը մտել ես ու դուրս չես գալիս, դե դուրս արի ժողովրդի մեջ: Ու դեռ 5 տարի ուզում ես էս երկրի համար նախագահություն անե՞լ», – ասել է 2010թ. ԼՂՀ-ում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
«Դուրս արի, պատասխան տուր՝ գայլային ոհմակը, հրեշներին հավաքել ես կողքերդ ու նստել, վերջապես մեղավորը պետք է պատժվի՞, թե՞ չէ: Ինքը գիտի, որ վաղը հայտնվելու է ճաղերի հետևում», – ասել է Գոհար Սարգսյանը:
Բողոքող կանանց միացած մի կին, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ երկրի ղեկավարը խաբում է ժողովրդին:
«Սերժը որ նստավ գահին, մեզ խաբեց, ասեց, որ լավ կլինի, էս օրը քցեց: Հիմա արդարություն ենք ուզում, մարդ ա պետք, որ նստի ղեկավար, մեզ օգնի, հերիք ա, գժվել եմ արդեն, 20 տարի է՝ երեխեքիս չեմ տեսել՝ Ռուսաստանում են, ոչ իրենք են կարողանում գալ, ոչ մենք ենք կարողանում գնալ», – ասել է կինը, ինչին ի պատասխան զինվորների մայրերն ասել են, որ պայքարող մարդը չի վախենում ներկայանալ:
«Ինչի՞ց ես վախենում, 100 անգամ եմ ասել՝ Անահիտ Մկրտչյան, թող խփեն, ով որ ղոչաղ ա, ով որ կարա խփի, ես էլ էդ եմ ուզում, վերջապես էս տանջանքներին վերջ կգա: Բուլղարիայի կառավարության հողը Հայաստանի կառավարության գլխին, ժողովրդից մի թեթև ուժ էին ցույց տվել՝ բոլորը հրաժարական տվեցին, իսկ այստեղ տասնյակներ սպանում են, ոչ ոք ձայն չի հանում, ու՞ր է ձեր 6000-ամյա քաղաքակրթությունը», – կնոջն ասել է բանակում զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը: