Թեպետ այսօր օրենքով սահմանված կարգով, Ազատության հրապարակում արտոնված է ՀՀԿ-ի հանրահավաքը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը և գործելաոճը, որ վերջինս փորձում է որդեգրել, ստիպում է ՀՀԿ-ին հրաժարվել իր օրինական հնարավարություններից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ իր անձնական կարծիքն է հայտնում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ այսօր իր համակիրների հետ հրապարակում սպասելու է Սերժ Սարգսյանին:
«Դա կարվի հնարավոր սադրանքներից, բախումներից և անիմաաստ կրքերից խուսափելու համար: Թեպետ օրենքով մերն է այդ հրապարակում հանդիպում անցկացնելու իրավունքը, ու Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների այնտեղ գտնվելը օրենքով սահմանված կարգով չէ», – ասել է Աշոտյանը:
Վերջինս նաև ասել է, որ ՀՀԿ-ն, ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի, «թասիբի քցելու» կուսակցություն չի:
«Պետք է չէ մեզ բզբզել և թամաշա անել: Մենք գիտենք ինքներս ինչ ենք ուզում, ինչ ենք անում, ոնց ենք անում և ինչպիսի իրավական դաշտում ենք մեր գործողությունները տարածում:
Ես երեկ իմ խորը հիասթափությունը արտահայտեցի, կարծում էի, որ հետընտրական զարգացումները պետք է լինեին իր տրամաբանության մեջ, որ փորձում էր այդ թեկնածուն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածել: Չեմ ուզում ասեմ, որ նա (Րաֆֆի Հովհաննիսյանը) խաբեց իր ընտրողին՝ պուպուշ արևմտյան տեխնոլոգիաներով, բայց համենայնդեպս շատ կտրուկ ու զգալի էր փոփոխությունը, տրանսֆորմացիան»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Epress.am-ի լրագրողը հարց է ուղղել Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, թե ինչ կանի վերջինս, եթե Սերժ Սարգսյանը չեղյալ համարի ՀՀԿ-ի հանրահավաքը: «Ժառանգության» առաջնորդը խոստացել է բոլոր հարցերի պատասխանները տալ 13:00-ին մեկնարկող իր հանրահավաքին: