«Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այս մասին Բագրատյանն այսօր գրել է Facebook-ի իր էջում:
«Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»,- գրել է Բագրատյանը:
Թեկնածուն նաև նկատել է, որ հերթական անգամ Հայաստանում անցկացվեցին ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ և որ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում ըմբոստանում է։
«Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում»,- գրել է Բագրատյանը:
Նշենք, որ երեկ Հրանտ Բագրատյանը այցելել է Ազատության հրապարակ, որտեղ գիշերն անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Հրանտ Բագրատյանի պաշտոնական կայքից