Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերն անցկացրեց Ազատության հրապարակում (թարմացված)

Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերն անցկացրեց Ազատության հրապարակում (թարմացված)

07:00 Ուշ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Ազատության հրապարակ: Գիշերը Ազատության հրապարակում նրա հետ մնացել են  որդին, կինը, «Ժառանգության» անդամներ և տասնյակ քաղաքացիներ: Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է նաև ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

19:37 Հանրահավաքի ավարտից հետո Ազատության հրապարակում գտնվող մի շարք մարդիկ Epress.am-ի հետ զրույցում կիսվելով իրենց տպավորություններով ու սպասելիքներով, ասել են, որ ցանկանում են Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի հստակ խոսք լսել: Մարդկանց մեծ մասը պարտաստվում է վաղը, ժ.13.00-ին վերադառնալ Ազատության հրապարակ և ակնկալում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կուրվագծի իր հետագա քայլերի հերթականությունը և ապագա անելիքն ավելի կոնկրետ կներկայացնի:

19:29 Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին բարի գիշեր մաղթեց և հայտարարեց, որ վաղը՝ ժամը 13.00-ին վերադառնալու է Ազատության հրապարակ, որտեղ, ինչպես Հովհաննիսյանն ավելի վաղ ասել է, կայանալու է իշխանության հանձնումը:

19:19 Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ով ցանկանում է մնալ Ազատության հրապարակում, կարող է մնալ, ով չէ՝ կարող է գնալ:

19:07 Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ րոպեներ անց Դաշնակցությունը ևս կլինի հարթակում: «Սպասենք», – ասել է «Ժառանգության» ղեկավարը:

19:01 Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, Տիգրան Առաքելյանը պետք է ազատ արձակվի: Հայաստանում չպետք է լինեն որդեկորույս մայրեր, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

18:25 Ազատության հրապարակում ելույթ ունեցան «Ժառանգության» անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս ելույթներից հետո բեմ բարձրացավ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը և հայտարարեց, որ իրեն բազմաթիվ անգամ հարցեր են ուղղում քաղաքացիները, և այդ հարցերին ի պատասխան նա հայտարարում է՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնողը չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ շարքում կանգնողը չէ»:

18:08 Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է, որ նոր իշխանության օրոք ժողովուրդը լուծելու է թե Հոկտեմբերի 27-ի, թե Մարտի 1-ի հարցերը:

17:58 Հովհաննիսյանն ասել է, որ մնալու են հրապարակում մինչև հաղթանակ և սպասելու են Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ վաղը Ազատության հրապարակում ծրագրված է ՀՀԿ-ի հանրահավաքը: Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք մինչև վաղը՝ 14:00-ն կմնան հրապարակում և կդիմավորեն Սերժ Սարգսյանին:

«Կսպասեմ իրեն այստեղ, որ վաը գա, կուզի` հարցուպատասխան, կուզի` բանավեճ, մենք պիտի մնանք այստեղ մինչև հաղթանակ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

17:48 Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շտապել է շնորհավորել Սարգսյանին, և բոլոր նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմում, պատասխան  են տալու ժողովրդի առջև:

17:35 Րաֆֆի Հովհաննիսյանը բեմահարթակից ողջունել է երեկ և այսօր Ազատության հրապարակ այցելած Նիկոլ Փաշինյանին, անհատ դաշնակցականներին, որոնք նույնպես եկել են հանրահավաքին, և կոչ է արել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին միանալ իրեն:

Մինչ ժամը 18:00-ն նա հավաքվածներին առաջարկել է երաժշտություն լսել, շփվել միմյանց հետ, որից հետո ժամանակավոր հեռացել է հարթակից:

17:30  Այսօր՝ ժամը 17:00-ին մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը:

Հանրահավաքի մեկնարկին Հովհաննիսյանը հայտարարել է, որ մեկ ժամ ավել՝ մինչև 18:00-ն ժամանակ է տալիս, որպեսզի «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ»:

Հովհաննիսյանը նշել է, որ երեկ լեզվի սայթաքում է թույլ տվել՝ ասելով, որ ինքն առաջին ընտրված նախագահն է: Այսօր նա հայտարարել է, որ ընտրված են եղել նաև Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Հովհաննիսյանը մասնավորեցրել է, որ Տեր-Պետրոսյանի առաջին ընտրվելու մասին է (1991թ. – խմբ.)

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին կոչ էր արել մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 17.00-ը, հանդիպել իր հետ և կազմակերպել «իշխանության փոխանցումը ժողովրդին»: Արձագանքելով Հովհաննիսյանի հայտարարությանը, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը Panorama.am-ին ասել էր, որ նախագահը պատրաստակամ է ընդունել պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, «առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ»: