Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո մարդկային զոհերով և անկարգություններով ուղեկցվող բողոքի ցույցեր չեն եղել, բայց այդքանով լավ նորությունները վերջանում են: Այս մասին գերմանական Tageszeitung պարբերականում տպագրված «Ակնհայտորեն այն մարդը չէ» հոդվածում գրել է քաղաքական վերլուծաբան, լրագրող Բարբարա Էրտելը:
Վերջինիս խոսքով՝ իշխանությունները կրկին «իրենց ամբողջ ներկապնակը» օգտագործեցին՝ ճնշումներ ընտրողների վրա, ձայների գնում և կրկնաքվեարկություն:
Սերժ Սարգսյանի հաղթանակը նաև պայմանավորված է նրանով, որ երկու հայտնի ընդդիմադիր գործիչներ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին և գործող նախագահը մնաց առանց լուրջ հակառակորդների:
«Երկրորդ ժամկետը հին-նոր նախագահի համար բարդ փորձության շրջան է լինելու: Հայերի մոտ 1/3-ն աղքատության շեմից ցածր են գտնվում: Լավ կրթված երիտասարդները մեկնում են երկրից: Թուրքիայի հետ հաշտության գործընթացը տեղից առաջ չի շարժվում, քանի որ Անկարան շարունակում է չընդունել իր մեղքը 1915 թվականի ցեղասպանության համար: Հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունը յուրաքանչյուր պահի կարող է նոր բռնությամբ պայթել», – խնդիրները թվարկում է Էրտելը:
Հոդվածագիրն ընդգծում է, որ բոլոր այս խնդիրները կտրուկ քայլեր են պահանջում իշխանությունների կողմից, բայց Սարգսյանը «ակնհայտորեն այն մարդ չէ, որ ունակ է դա անել»: