Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը երեկ եզրակացրել է, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը անցած տարվա դեկտեմբերին էթիկայի նորմերի խախտում է թույլ տվել լրագրող Մհեր Արշակյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Նշենք, որ «Ա1+»-ի լրագրողի հարցեր տալու խնդրանքին ի պատասխան պատգամավորը սպառնացել էր «պոկել ծնոտը»:
Իշխող քաղաքական ուժի պատգամավորի վարքագիծը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարցը բարձրացրել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը:
Թեև Մհեր Արշակյանին այսօր հրավիրվել էին Ազգային ժողով, բայց դռնփակ քննարկումներին մասնակցելու հնարավորություն նա չունեցավ: Մինչդեռ պատգամավոր Սեդրակյանը չէր եկել` թեև նիստին մասնակցելու հրավեր ստացել էր:
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել հանձնաժողովը՝ որոշելով, որ Մհեր Սեդրակյանը հակաէթիկական վարք է ցուցաբերել՝ իմ ծնոտը կոտրելու վճռականություն հայտնելով: Քանի որ Սեդրակյան Մհերը, նուրբ ասած, արհամարհած ունի հանձնաժողովը… Ես չգիտեմ, թե Ազգային ժողովն ինչ նկատի ունի էթիկա ասելով», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է լրագրողը:
Մհեր Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ տեղյակ է հանձնաժողովի որոշման մասին:
«Ինքն էլ չպետք է աներ, ես էլ չպետք է անեի: Էթիկայի խախտում եղել է երկկողմանի», – ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչու չի գնացել հանձնաժողովի նիստին` Մհեր Սեդրակյանը արձագանքել է. «Եթե դրա կարիքը լիներ, կգնայի»:
Հանձնաժողովն իր նիստում քննարկել է նաև «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը և գտել է, որ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ըստ համացանցում տարածված մի տեսանյութի, Մելքումյանը ներկայանում է իբրև տարածքների սեփականատեր և հեռախոսով բանակցում է դրանց վարձակալության պայմանների շուրջ:
Հայաստանի սահմանադրությունն արգելում է համատեղել ձեռնարկատիրությունն ու պատգամավորական գործունեությունը: