Վերջին օրերին խոզի գրիպի մասին լուրերը անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվությունը, չափազանցված և չստուգված լուրերը բնակչության շրջանում կարող են առաջացնել լուրջ անհանգստություն՝ հիշեցնելով 2009 թվականի պանդեմիկ իրավիճակը, երբ նշված գրիպը նոր էր մարդկային օրգանիզմի համար և առաջացնում էր հիվանդության զանգվածային և մահվան դեպքեր։ Այս մասին հայտնում է Առողջապության նախարարության կայքը:
Կայքի տեղեկացմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից այսպես կոչված խոզի գրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ ԱՀԿ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից (այդ թվում` Ա H1N1պնդ ենթատեսակից) աշխարհում մահանում է 3-5 մլն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի գրեթե 1-2 տոկոսը։
Կայքը նաև տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, որոնք բուժող բժշկի նշանակումով բոլորին հատկացվում են անվճար։
«Հիմք ընդունելով գրիպի սեզոնայնությունը` ամեն տարի, աշնան- գարնան ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուժեղացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները։
Հանրապետությունում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքում վերջին շաբաթներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ չի գրանցվել», – նշված է հաղորդագրության մեջ:
Կայքի հաղորդմամբ՝ ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը` Բ, 21-ը` Ա տեսակի։ Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ի մոտ արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը։
«Հիվանդների հիմնական մասը բուժվել և առողջացումով դուրս է գրվել։ Մի շարք դեպքերում հիվանդների բուժումը կազմակերպվել է տնային պայմաններում»,- տեղեկացրել է կայքը:
Ինչ վերաբերում է հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող կազմակերպություններում թոքաբորբով բուժվող հիվանդներին, ապա պետք է նշել, որ գրիպի յուրաքանչյուր սեզոնի համար դրանց արձանագրումն օրինաչափ է և դրանք ոչ միայն շնչառական վարակների բարդություններ են, այլև ունեն այլ ծագումնաբանություն:
«Ներկայումս հանրապետության, հիմնականում Երևանի հիվանդանոցներում, բուժվում է թոքաբորբով 12 հիվանդ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, մյուսների մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք», -ասված է հաղորդագրությունում:
Այսօրվա տվյալներով հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով։ Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով և չի դիմել բժշկական որևէ օգնության։ Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և հրաժարվել մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից։ Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն։
Կայքը նշում ՝ ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա 24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն, որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում։ Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով։ Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված է եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ։
Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա ծայրահեղ անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը։