Շվեդիայի արտգործնախարարն ու Հայաստանի արտգործնախարարությունը հեռակա բանավեճի մեջ են մտել՝ նախագահական վերջին ընտրությունների շուրջ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
Նախօրեին, մասնավորապես, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր էջում գրառում է արել և նշել. «Կարծում եմ, արդարացի կլինի փաստել, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»։
Հիշեցնենք՝ Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշտոնը ու ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն էին տարածել եւ նշել, թե ընտրություններում արձանագրվել է առաջընթաց, այդուամենայնիվ, անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները արձագանքեն առկա մտահոգություններին եւ բարեփոխեն ընտրական օրենսդրությունը։
Եվ ահա, Կարլ Բիլդտը, հղում անելով այս հայտարարությանը, ըստ էության, փաստել է, թե Եվրամիությունում Հայաստանից սրանից ավելին էին սպասում։
Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը ժամեր առաջ անձամբ Կարլ Բիլդտից հետաքրքրվել է՝ ինչի վրա է հիմնված նրա քննադատական այդ գնահատականը։
«Ես օգտվել եմ հայաստանյան ընտրությունների շուրջ միջազգային դիտորդների տված հաղորդումներից։ Ակնկալում էի, որ Հայաստանի իշխանությունները ավելի լավ ընտրություններ կանցկացնեն, քան արեցին, և հիասթափվեցի, երբ ընթերցեցի միջազգային դիտորդների զեկույցները։ Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը պետք է շատ ուշադրությամբ հաշվի առնի այն, ինչ ասվել է դիտորդական տարբեր առաքելությունների կողմից, այդ մտահոգությունները չպետք է անտեսվեն, քանի որ Եվրամիությունն իսկապես շատ մեծ կարեւորություն է տալիս ժողովրդավարական չափանիշներին», – ասել է Շվեդիայի արտգործնախարարը։
Պաշտոնական Երևանն արձագանքել է Կարել Բիլդտի այս հայտարարություններին։ Twitter-ում նրա կատարած գրառումից ժամեր անց, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարությունը կրկին սոցիալական ցանցերի՝ Twitter-ի և Facebook-ի օգնությամբ հայտարարել է. «Ամենայն հավանականությամբ, Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետևաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է»: