Ադրբեջանական զինուժը շարունակում է կրակել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը, փետրվարի 21-ի երեկոյան նորից կրակոցներ են լսվել, վնասվել են բնակիչների տների տանիքները, ավտոտնակները, փողոցները:
Իրավիճակն անհանգստացնող է եղել նաև Մովսես գյուղում: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը նշեց, որ կրակոցները հնչել են երեկոյան ժամը 19:00-22:20-ը: Այս գյուղում ևս հակառակորդը նյութական վնաս է հասցրել:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը լիովին վերահսկում է իրավիճակը և տվել է համապատասխան պատասխան` լռեցնելով հակառակորդին: Մարդկային կորուստներ, վիրավորվելու դեպքեր չկան: Վնասը միայն նյութական է:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորվել էր մեկ պայմանագրային զինծառայող Գևորգ Մելիքբեկյանը: Ադրբեջանական կողմից երեկ կրակել էին Չինարիի գազատարի վրա, և գազամատակարարումը որոշ ժամանակով դադարեցվել էր, ինչպես նաև կրակել էին մեկ մարդատար մեքենայի վրա: Կրակոցները հիմնականում եղել են սահմանամերձ 4 գյուղերի վրա՝ Մովսես, Ներքին Կարմիր, Չինարի, Այգեպար: