Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներն այս պահին կանգնել են Սիրիայի դեսպանատան մոտ, կարմիր քարտեր են ցույց տալիս ոստիկաններին և ելույթներ հնչեցնում: Լրագրող, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանն (լուսանկարում) ասել է, որ Հայաստանում 20 տարի դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպական դիտորդները ամեն անգամ ասում են , որ ընտրությունները մի քայլ առաջ են:
«Հիմա թող ասեն՝ քանի կիլոմետր է մնացել», – ասել է Կիվիրյանը: Նրա խոսքով՝ եթե եվրոպացի դիտորդների երկրներում նման ընտրություններ անցկացվեին, ապա նրանք դրական գնահատական չէին տա: Ակտիվիստը նշել է, որ դիտորդները հետապնդում են իրենց երկրների նեղ շահերը և նպատակ ունեն Հայաստանում քաղաքական գործընթացները հասցնել Սոմալիի կամ Հյուսիսային Կորեայի մակարդակին: