Home / Տեսանյութեր / Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանին ուսերի վրա են բարձրացրել

Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանին ուսերի վրա են բարձրացրել

8:45-ին Գյումրիում ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որին բազմաթիվ գյումրեցիներ են մասնակցել: Հանրահավաքին ելույթ է ունեցել ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ով ողջունել է հավաքվածներին և հայտարարել, որ իր կուսակցությունը պայքարելու է սահմանադրական կարգի վերականգնման համար: Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի Վանաձորից ժամանելը, Գյումրիի Թատերական հրապարակում հավաքվածների առջև ելույթ ունեցան «Ժառանգության» անդամները:

Հրապարակ եկած «Ժառանգության» առաջնորդին հավաքվածները ողջունել են «Րաֆֆի, Րաֆֆի» և «Հայաստան» վանկարկումներով: Ինչպես և նախորդ հանրահավաքներին, նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իր պայքարը հանդուրժողականության պայքար է և կարող երկար տևել:

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը պայքարում նրա համար, որպեսզի Գյումրին, Շիրակի մարզը, Հայաստանը ավելի լավ ապրեն: Իր ելույթի վերջում Հովհաննիսյանը Գյումրին անվանել է մայրաքաղաք, ապա ուղղել իրեն՝ ասելով «հայրաքաղաք»:

«Կեցցե, Հայաստանը» կոչով ավարտելով ելույթը՝ Հովհաննիսյանը իջել է բեմից, իսկ բազմահազար մադրիկ խիտ օղակով շրջապատել են նրան: Մի պահ «Ժառանգության» առաջնորդին անգամ ուսերի վրա են բարձրացրել, ապա իջեցրել:

Մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցել են դեռ երկար ժամանակ: Սայաթ-Նովա փողոցում հարյուրավոր գյումրեցիներ ստիպված են եղել մայթերից դուրս գալ երթևեկելի մաս և այդպես քայլել: Հրապարակում այդ պահին շարունակել է հնչել «Սարերի քամի» երգը, իսկ մի խումբ քաղաքացիներ դրա տակ շուրջպար են բռնել: