Իսպանիան Հայաստանում դեսպանատուն չունի, բայց լիազորել է, որ Իսպանիայի հետ կապված հարցերով զբաղվի Հայաստանում Լիտվայի դեսպանատունը: Լիտվան Հայաստանում դեսպանատուն ունի, այն գտնվում է Բաբայան 2/8 հասցեում: Բայց այդ դեսպանատունը չի գործում: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը:
«Դեսպանատան հետ հնարավոր չէ կապվել ժամանակակից կապի որևէ միջոցով: Դեսպանատունն ունի քաղաքային հեռախոսահամար, որը ձեզ կտրամադրի ցանկացած տեղեկատվական ծառայություն: Բայց այդ հեռախոսահամարով զանգահարելու դեպքում, ավտոմատը կհուշի բջջային մեկ այլ հեռախոսահամար, որով զանգահարելու դեպքում ոչ ոք չի պատասխանի: Դեսպանատունը չունի էլեկտրոնային փոստի հասցե, որով հնարավոր է գրավոր նամակ գրել և պատասխան ակնկալել:
Ժամանակակից կապի միջոցներից բացի, կա նաև հին և ավանդական այնպիսի միջոց, ինչպիսին անձամբ դեսպանատուն գնալն է: Բայց դա ևս անիմաստ զբաղմունք է, քանի որ դեսպանատան դուռը որևէ մեկը չի բացի: Մենք երեք անգամ այցելել ենք դեսպանատուն, անիմաստ թակել դեսպանատան դուռը, և՝ ոչ մի արձագանք:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ նախագահ Կարեն Հեքիմյանին են դիմել մի քանի քաղաքացիներ, ովքեր փորձել են կապվել Լիտվայում Հայաստանի դեսպանատան հետ, սակայն նրանց բոլոր փորձերը որևէ արդյունք չեն տվել: Հենց այդ ժամանակ դեսպանատան հետ կապվել փորձեցինք նաև մենք, մտածելով, որ այն, ինչ չի հաջողվել այլ քաղաքացիների, կարող է հաջողվել մեզ: Բայց մենք գերագնահատել էինք մեր հնարավորությունները: Կասկածներ առաջացան, որ Լիտվան ինչ-ինչ պատճառներով խզել է դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, կամ դեսպանատան աշխատակիցները, մեզ անհայտ ահաբեկչական սպառնալիքների ազդցության տակ, որոշել են անցնել ընդհատակ:
Մենք Կարեն Հեքիմյանի հետ այցելեցինք ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ներկայացված վարկածներից որն է ավելի մոտ ճշմարտությանը: Դեսպանատան Եվրոպայի վարչության աշխատակից ներկայացած Դավիթ Գրիգորյան մեզ տեղեկացրեց, որ Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն խզվել: Երբ մենք նրան հայտնեցինք, որ հնարավոր չէ կապվել դեսպանատան հետ, նա խնդրեց մի փոքր սպասել ԱԳՆ ընդունարանում: Քիչ հետո, երբ մենք կրկին զանգահարեցինք նրան, ԱԳՆ աշխատակիցը հայտնեց, որ ինքը ևս չի կարողանում կապվել դեսպանատան հետ:
Սա դիվանագիտական էթիկայի բացահայտ խախտում է՝ մի կողմից, և արհամարհական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Բայց ավելի կարևոր է, որ իր այդ գործողություններով Լիտվայի դեսպանատունը խախտում է ՀՀ հարյուրավոր քաղաքացիների իրավունքը, ովքեր ցանկություն ունեն դիմել դեսպանատուն, ստանալ Իսպանիա կամ Լիտվա գնալու մուտքի արտոնագիր: Եթե Լիտվայի դեսպանատունը հրաժարվում է կատարել իր այդ գործառույթը, երևի ճիշտ կլինի, եթե ՀՀ ԱԳՆ պաշտոնյաները ՀՀ քաղաքացիներին տեղեկացնեն, թե էլ ուրիշ ում դիմեն, կամ ինչպես իրացնեն ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքը», – գրում է «168 ժամը»: