ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 6 հոդվածներով առաջադրված մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, Արմավիր քաղաքի բնակիչ Գագիկ Աղաջանյանը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նա, լինելով պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող սպա, մեկ ամսվա ընթացքում 2 անգամ 3 օր և ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր: Ավելին` պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զենքի հափշտակություններ, եղբոր` Արամ Աղաջանյանի հետ խումբ կազմելով, ապօրինի մոտք է գործել շինություններ, ու զենքի գործադրմամբ կատարել է 3 ավազակություններ, որոնցից 2 դեպքում` խոշոր չափերով, մեկ դեպքում` առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նրանց ապօրինի զրկել են ազատությունից:
Հիշյալ արարքների համար Գագիկ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (‹Ազատությունից ապօրինի զրկելը, Ավազակություն, Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը, Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):