Այսօր, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երևանում իր հաջորդ, արտոնված հանրահավաքը կայանալու է փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ իրենք կրկին շրջելու են մարզերով:
Հովհաննիսյանը հավաքածներից ներողություն է խնդրել այսօվա հանրահավաքը արտոնելու համար ժամանակին քաղաքապետարան դիմում չներկայացնելու համար:
«Այսօրվա հավաքի համար մենք ուշացրել ենք դիմումը, բայց շնորհակալ ենք ոստիկաններից, որ միացրել ենք խոսափողը», – ասել է Հովհաննիսյանը:
Այսօրվա ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ընթերցել՝ կատակով նշելով, որ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դա միշտ է անում, ու «մեկ-մեկ ես էլ պիտի կարդամ»:
Իր ելույթում Հովաննիսյանն ասել է, որ Ազատության հրապարակն այլևս կուսակցություն չի ճանաչում, քանի որ այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց ձայնը տվել են ոչ միայն «Ժառանգությանը», այլև Դաշնակցությանը, ՀԱԿ-ին, «Բարգավաճ Հայաստանին» և անգամ ՀՀԿ-ին, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց քվեաթերթիկն անվավեր են դարձրել:
Հովհաննիսյանը վերահաստատել է մինչև հաղթանակ գնալու իր պատրաստակամությունը և հավաքվածներին հարցրել, թե արդյոք իր ձայնը վճռական է հնչում, ինչին ի պատասխան հանրահավաքի մասնակիցները վանկարկել են՝ այո:
Դիմելով իրավապահներին՝ ընդդիմության առանորդը կոչ է արել մեքենաներից անհիմն հայտարարություններ չանել և քաղաքացիների մեջ վախ չտարածել, քանի որ «ընտրության և իրավունքի մեջ ապօրինություն չկա»: Նա նաև ասել է, որ նրանք, ովքեր այսօր փակել են դեպի երևան տանող ճանապարհները, ևս պատասխան են տալու:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժոովը պարտավոր է հայտարարել այն, ինչ կոչվում է ընտրությունների վերջնական արդյունքներ, և խոստացել դրանից հետո հանդես գալ մամուլի ասուլիսով:
«Այդ հայտարարությունից մեկ ժամ անց տալու եմ մամուլի ասուլիս, ով հարց ունի, իր պատասխանը կստանա: Այլևս հարցեր պիտի չլինեն, պիտի լինեն պատասխաններ», – ասել է Հովհաննիսյանը:
Այնուհետև ընդդիմության առաջնորդը ներկայացրել է գալիք օրերի իր շրջագայությունների ժամանակացույցը՝ փետրվարի 26-ին՝ Արմավիր, Մեծամոր, Էջմիածին, Մասիս, Արտաշատ, Սուրենավան, Արենի, Եղեգնաձոր, Վայք, փետրվարի 27-ին՝ Արարատ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան, 28-ին՝ Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Աբովյան, որից հետո ժամը 17.00-ին կրկին վերադառնալու են Ազատության հրապարակ, որտեղ կայանալու է արտոնված հանրահավաքը:
«Ոչ մի զադնի», – հայտարարել է նախագահի թեկնածուն՝ խոստանալով խաղաղ պայքարի միջոցով հաջողության հասնել:
Այսօրվա հանրահավաքի վերջում Հովհաննիսյանն ասել է, որ իր ընտանիքի հետ միասին գնալու է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկներին: Նա շեշտել է, որ հավաքն ավարտված է և դրան երթ չի հետևելու:
«Սա երթ չէ: Եթե ուզում եք քայլել Եռաբլուր, ուրեմն առանձին ընտանիքներով, առանձին խնբերով եկեք», – ասել է Հովհաննիսյանը և խնդրել որևէ բան չվանկարկել, բացի «մեր երկրի անունից», որից հետո հավաքվածները սկսել են վանկարկել «Հայաստան»: