Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է վերջին օրերին իր պաշտոնականության մասին տարածված լուրերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում ուսանողների կողմից արվող դասադուլի կոչերը:
Անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը՝ Աշոտյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ինքը ՀՀ կառավարության հետ միասին հրաժարական կտա:
«ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսևորման և ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում «պաշտոն» են զբաղեցնում», – գրել է նախարարը:
Քանի որ դասադուլի կոչերը տարածվել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անցկացվող հանրահավաքների շրջանում՝ Աշոտյանը գրել է, որ ինքը և Հովհաննիսյանը միակարծիք ենք այդ հարցում:
«Քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության», – գրել է ԿԳ նախարարը: