Ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պահանջել է հրապարակել իր և Սերժ Սարգսյանի՝ նախագահական նստավայրում տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, եթե այդպիսին գոյություն ունի:
«Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ ձայնագրության հրապարակման ակնարկով: Պահանջում եմ, որ այդ ձայնագրությունն ամբողջությունը հրապարակեն: Ազգայնական են, նժդեհական են, նախկին նախագահի ներկայացուցիչն են՝ թող հրապարակեն: Դավայ, Շարմազանով, տուր ձայնագրությունը», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը հանդիպումից առաջ հավաստիացրել էր, որ իրեք երկուսով են և կարող են ազատ զրուցել:
«Եվ հիմա ինչ-որ մարդիկ ինձ սպառնում են հեռակա: Չփորձեն: Հենց հիմա թող բացեն ամբողջ ձայնագրությունը: Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը՝ դրեք, դավայտե»:
Հովհաննիյանի խոսքով՝ հանդիպումը սիրալիր էր ու հարգալից:
«Հարգեցինք միմյանց հետագծերը: Ասացի, որ ինքը չի հաղթել, բայց ունի մեծ ավանդ, մասնավորապես, Արցախի հարցում: Ասել եմ՝ հարգում եմ ձեզ ձեր հետագծի համար, շնորհակալություն, որ մեդիաները բացվել են», – ասել է ընդդիմադիր գործիչը և խնդրել իր խոսքերը կոնտեքստից դուրս չդիտարկել, այլ հրապարակել ամբողջ զրույցը:
Հովհաննիսյանը հերթական անգամ ասել է, որ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ իր կողմից պաշտոն ստանալու կամ կոալիցիա ձևավորելու առաջարկ չի եղել, սակայն Սերժ Սարգսյանի կողմից եղել է առաջարկ՝ ղեկավարել ընդդիմության պայքարը մինչև 2017-2018թթ., որը, Հովհաննիսյանի խոսքով, մերժվել է:
Հովհաննիսյանը դիմել է նաև իրեն արևմտամետ անվանողներին՝ պահանջելով կասկածի տակ չդնել իր քաղաքացիությունը և հայրենասիրությունը:
«Այո, ծնվել եմ ԱՄՆ-ում: Ավելի լավ խոսում եմ անգլերեն, քան ռուսերեն: Սակայն ոչ վարժ ռուսերենի պահով խնդրում եմ կասկածի տակ չդնել իմ նվիրումը Հայաստանին», – հայտարարել է Հովհաննիսյանը:
«Վլադիմիր Վլադիմիրովիչը, մսյո Օլանդը կամ ԱՄՆ ներկայացուցիչը, երկու վեհափառները նախկին նախագահին կարող են թուղթ ուղարկել: Դա իրենց իրավունքն է: Ամեն մեկն ունի իր շահը: Ով ժամանակից շուտ շնորհավորեց, սխալ արեց և պետք է վերանայի իր որոշումը: Դիտորդ եք, ռազմավարական գործընկեր, Հայաստանի ժողովուրդն է որոշում: Մինսկի Խմբի համանախագահները, ովքեր Արցախ չեն ճանաչում, ճանաչում են ոչ լեգիտիմ իշխանությունը», – ասել է նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը կառուցելու է հիանալի հարաբերություններ բոլորի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, եթե վերջինս Հայաստանին ճանաչի որպես հավասար գործընկեր: Միևնույն ժամանակ, եթե ԱՄՆ-ն խախտի Հայաստանի շահը, պատասխան կտա:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները բողոքարկելուն, ապա, Հովհաննիսյանի խոսքով, Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չկա: Հովհաննիսյանը չի բացառել, որ վերջին հնարավորությունը կտա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին «սահմնանադրական իրավունքն իրացնելու և ՀՀ քաղաքացիներին ու օրենքը պաշտպանելու համար»:
«Սա կլինի իրենց վերջին որոշումը: Ազատության հրապարակում կերտելու ենք անցումային արդարադատություն, մինչև ունենաք իրավական սահմանադրական կարգ: Պիտի ներկայացնենք ոչ միայն այլընտրանքային գործադիր իշխանություն, այլև դատական իշխանություն», – ասել է Հովհաննիսյանը:
Ներկայացնելով գալիք օրերին մարզեր մեկնելու իր ծրագրերը՝ Րաֆֆին Հովհաննիսյանն ասել է, որ, բացի փետրվարի 28-ի հանրահավաքից, ևս մեկ արտոնված հանրահավաք տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մարտի 1-ին ինքը կրկին ասուլիս կհրավիրի, որից հետո կգնա Մյասնիկյանի արձանի մոտ՝ 2008 թվականի մարտի 1-ին զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու:
Հովհաննիսյանը վերահաստատել է մինչև հաղթանակ գնալու իր վճռականությունը՝ նշելով, որ նրանք, որքեր իրեն չեն հավատում, հուսախաբվելու են: