Այսօր Երևանի պետական համալսարանի շենքի մոտ դասադուլ-ակցիա անցկացրած ուսանողներն ու ակտիվիստները ժամը 14:20-ի սահմաններում միացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընտրակեղծարարների դեմ:
Հավաքվածները ԿԸՀ-ի շենքի դիմացի եղևնուն էին փակցրել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկարը՝ «Հետախուզվում է» գրությամբ, իսկ այնուհետև նկարը տեղափոխել շենքի դիմացի ճաղավանդակներով նստարանների հետև՝ ակնարկելով, որ Մուկուչյանի տեղը ճաղերի հետևում է:
Երբ հավաքվածները տեղեկացել են, որ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, նրանք սկսել են վանկարկել «Ամոթ, ամոթ» և կոչ են արել ոստիկաններին շենքից դուրս գալուն պես ձերբակալել ընտրակեղծարարներին, հակառակ դեպքում՝ հանրությունն ինքը քայլերի կդիմի:
Դրանից հետո հավաքվածների առջև ելույթ ունեցավ «Ժառանգության» երիտասարդ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը, ով մաթեմատիկական հաշվարկներ ներկայացրեց, որոնց համաձայն Սերժ Սարգսյանի հաղթանակը բացառված է:
ԿԸՀ-ի մոտ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու, 40 օր հացադուլ անցկացրած Անդրիաս Ղուկասյանը: