Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց ինքը զբաղեցրել է երկրորդ տեղը, այսօր իր մարզային շրջագայությունը սկսել է Արմավիր քաղաքից:
Հովհաննիսյանը մեքենայից իջել է քաղաքի մուտքի մոտ և ոտքով, անցորդներին բարևելով, հասել է մինչև քաղաքի կենտրոնական հրապարակ: Իր ելույթնում նա ևս մեկ անգամ ընգծել է, որ «մենք հաղթանակի մեջ ենք», բայց նշել, որ միայնակ, առանց ժողովրդի աջակցության հաղթանակի հասնել չի կարող:
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականը և կոչ է արել մարզպետին նույն կերպ վարվել:
Չնայած Արմավիրի կենտրոնական հրապարակը բավական բազմամարդ էր, այնուամենայնիվ, Epress.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքի բնակիչներից շատերն ասել են, որ հանրահավաքին ավելի շատ մարդ կգար, եթե չլինեին իշխանությունների կողմից ստեղծված խոչընդոտները:
Մոտ 50 տարեկան մի կին, ով չի ցանկացել ներկայանալ՝ սեփական անվտանգությունից ելնելով, ասել է, որ դեռևս երեկ բարձրաստիճան պաշտոնյաները պետական հիմնարկություններում աշխատող մարդկանց հորդորել են «հանրահավաքին չերևալ»՝ սպառնալով,, որ հրապարակ այցելողներին նկարահանելու են, և դա կարող է վատ հետևանքներ ունենալ իրենց համար: Հանրահավաքի ընթացքում հրապարակին կից շենքերից, իրոք, նկարահանում էին մարդկանց:
Հանրահավաքի 40-ամյա մասնակից մի տղամարդ էլ տեղեկացրել է, որ Արմավիրում փակել են նաև դպրոցների դռները, և դպրոցներից զանգահարել են այն աշակերտների ծնողներին, ովքեր հասցրել են առավոտյան փախչել, և պահանջել են, որպեսզի նրանք իրենց երեխաներին հետ ուղարկեն դպրոց:
Արմավիրի բնակիչները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում անընդհատ ընդգծում էին, որ մարզկենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքել, սակայն իրականում այդ ցուցանիշը 80-90 տոկոս պետք է լիներ:
«Ես չեմ ճանաչում մեկին, որը ճանաչում է մեկին, որը ճանաչում է մեկին, ով մեր քաղաքում ընտրել է Սերժ Սարգսյանին», – ասել է բնակիչներից մեկը: