Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները բացահայտեցին բռնապետության դեմքը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններն ի սկբանե կեղծված էին, և դրա պատճառն այն է, որ իշխանությունը ժամանակին մերժեց ընտրական համակարգի բարեփոխման փաթեթը:
Զուրաբյանը նշել է, որ ընտրությունների ցասումն ու ընդզվման ալիքը բնական է, և մի օր իշխանությունները կդառնան ժողովրդի ցասման զոհ, քանի որ, կեղծելով, երկար կառավարել չեն կարողանա:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը իշխանություններին կոչ է արել գործել, զիջել ժողովրդի պահանջներին՝ Հայաստանը հորձանուտից դուրս բերելու համար:
Ստեղծված իրավիճակից ելքը Զուրաբյանը տեսնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեջ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էլ իր ելույթում ասել է, որ փետրվարի 18-ին ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ չէ ապրել նվաստացածի կարգավիճակով և որ ՀԺԿ-ն միշտ լինելու է ժողովրդի կողքին:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով մասնակցել էր փետրվարի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին, այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ ընտրությունները, ինչպես սպասվում էր, վատն էին, իսկ արդյունքերը՝ կանխորոշված:
«Աբսուրդ է, թե ինչու ընտրված մարզպետը պետք է հրաժարական տա», – ասել է Ռուստամյանը ու նշել, որ եթե պատճառը տվյալ համայնքներում տիրող իրավիճակն է, ապա ինչու այդ մարդիկ հրաժարական տվեցին հիմա: Իսկ եթե ընտրությունների արդյունքն է պատճառը, ապա ակնհայտ է, որ նրանց հրաժարականը կապված է հենց այդ արդյունքների հետ:
Ռուստամյանի խոսքով՝ այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ իշխանությունների համար անակնկալ կերպով ընդդիմադիր զանգվածը ինքնակազմակերպվեց, ու ինքնաբերաբար ձևավորվեց միասնական թեկնածու:
ՀՅԴ-ական պատգամավորը նշել է, որ իրենք պատրաստ են լծվել ընդհանուր գործին և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ լուծումներ գտնել: