Հայ Ազգային Կոնգրեսը չեղյալ է հայտարարել մարտի 1-ին նախատեսված և Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված իր հանրահավաքը և երթը, որը պետք է շարժվեր դեպի Մյասնիկյանի հրապարակ:
ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ նույն օրը նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել «Ժառանգություն» կուսակցությանը։
«2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր և կարևորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսևորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը և, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին և համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին», – նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ։