Այսօր Ազգային Ժողովում՝ նախքան քվեարկության սկսվելը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձայն է խնդրել և հայտարարել, որ դեմ է քվեարկելու բոլոր օրենքների նախագծերին: Իր որոշումը պատգամավորը բացատրել է նրանով, որ Հայաստանում ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամային պայմաններում նախագծերում արծարծվող հարցերն ու քաղաքական իրավիճակի հետ կապ չունեցող քննարկումներն էլ ավելի են ցածրացնում ԱԺ-ի՝ առանց այդ էլ ոչ այդքան բարձր հեղինակությունը:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ երեկ հանդիպել է «Ժառանգության» և ՀՅԴ-ի խմբակցությունների ներկայացուցիչների հետ և այսօր նույնպես շարունակելու են քննարկել հետընտրական խնդիրները ԱԺ-ում քննարկելու ձևաչափը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրվի Ազգային ժողով, քանի որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ ընտրությունները կեղծված են եղել: