Քավության նոխազ սարքել ինչ-որ ռեկտորի օգնականի, որն այդ պահին, իր հոգեբանական վիճակից ելնելով, չի կարողացել ինքնատիրապետել իրեն, այդքան էլ ճիշտ չէ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի` «զորքն» առաջ բերելու մասին հայտարարությանը, որը հնչեցվել էր դասադուլի ակցիայի ժամանակ:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ հարցին՝ թե արդյոք Երևանի պետական համալսարանում զորք կա, նախարարն ասել է. «Իսկ ԵՊՀ-ում ստրուկ կա՞: Ինձ հետաքրքրում է, որ զորք չլինի և ստրուկ չլինի: Չկա զորք, ստրուկ առավել ևս չկա: Դուք զորք տեսա՞ք այնտեղ: Զորքը բառ ա, որն օգտագործվել ա էդ պահին՝ հոգեհուզական վիճակից ելնելով, և սխալ ա օգտագործված»:
Հիշեցնենք, որ Գևորգ Մելքոնյանն այս օրերին կազմակերպում է դասադուլավորների դեմ հակաակցիաները՝ համակարգելով այն ուսանողների գործողությունները, ովքեր կանգնում է ԵՊՀ-ի մուտքի մոտ և ակցիայի մասնակիցներից պահանջում են հեռանալ բուհի առջևից: Երեկ Մեքոնյանը վիճաբանել է դասադուլավորների հետ ու, շրջվելով դեպի հակաակցիայի մասնակիցները, ասել է. «Զորքը բեր առաջ»:
Այսօր մի շարք ուսանողներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով Մելքոնյանի հրաժարականը: Նրանք նշում են, որ Մելքոնյանի նման գործողությունները չեն մտնում ռեկտորի օգնականի պարտականությունների մեջ: