Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում ժողովրդի լայն զանգվածների մոտ շարունակվում է առկա մնալ ընտրական համակարգի նկատմամբ հասարակական խորը անվստահություն: Այս մասին ասված է «Եվրոպայի հայերի համագումար» կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Հասարակության դժգոհությունը ապացուցվում է ոչ միայն քաղաքացիական բողոքի մեծ ալիքով, այլև պաշտոնապես հրապարակված արդյունքներից, որի համաձայն, խորհրդարանական ընտրություններում ընդամենը մի քանի տասնյակ հազար քվե հավաքած «Ժառանգություն» կուսակցությունը, նախագահի թեկնածու առաջադրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նվաճեց ավելի քան կես միլիոն քաղաքացու քվե, որը հստակ ուղերձ է ուղղված գործող իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականության:
Երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարությունները, խոստովանում և ընդունում են ընտրացուցակների անճշտությունը և ընտրությունների կայացման ընթացքում օրինախախտումները և ընտրակեղծիքների գոյության փաստը, այդ շարքում նաև նույնինքը գործող նախագահի բերնով՝ Սերժ Թանգյանին հղած նամակում: Հաստատելով հանդերձ ընտրակեղծիքների փաստը, նրանք սակայն, հայտարարում են, որ դրանք էապես չեն ազդել ընտրության վերջնական արդյունքի վրա, առանց նկատի առնելու քրեական հետապնդման արժանի իրենց այդ հայտարարության ծանրակշռությունը և առանց հիմնավորելու և հստակեցնելու, թե՝ որտեղի՞ց են վստահ և ինչպե՞ս կարող են Հայաստանի և Սփյուռքի հանրությանը վստահեցնել, որ ընտրակեղծիքները չէին ազդելու ընտրությունների վերջնական արդյունքի վրա, մանավանդ, երբ մերժում են բողոքարկող կողմերի գրեթե բոլոր օրինական վերահաշվարկման առաջարկությունները և բազմաբնույթ բողոքները», – նշում են հայտարարության հեղինակները:
Եվրոպայի Հայերի Համագումարն իր խորը մտահոգությունն է հայտնում հերթական ընտրության հետ կրկնվող և արդեն իսկ ավանդույթի վերածված և պետական կայունությունն ու անվտագությունը խաթարող ընտրակեղծիքների նկատմամբ:
«ԵՀՀ-ը, ինչպես բոլոր հայությունը, հավատում է՝
– որ օրինախախտումներով գոյացած իշխանությունը չի կարող օրինական պետություն ձևավորել:
– որ ընտրակեղծիքը, ոչ թե պարզապես քաղաքական ուժերի իրավունքի ոտնահարում է, այլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ամենաէական և ամենաառաջնային իրավունքի բռնաբարումն է:
– որ ՀՀ քաղաքացիներին արհամարող և նրանց հիմնարար իրավունքը բռնաբարող ցանկացած իշխանություն չի կարող անկեղծ լինել նաև Սփյուռքի նկատմամբ:
ԵՀՀ-ը կոչ է ուղղում ՀՀ իշխանության և ընդդիմության առաջնորդներին, որ հավասարապես գիտակցեն լարվածության հետագա հնարավոր աճն ու առճակատումների վտանգը, քաղաքակիրթ ճանապարհով հետապնդեն ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծումը:
Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին՝ ցուցաբերել զսպվածություն, հարգել քաղաքացիների հավաքների և նանց ազատ կամքի արտահայտության բացարձակ իրավունքը, հեռու մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց և բացառել խաղաղ ցուցարարների նկատմամբ որևե գրգռիչ միջամտություն: Ցուցարարների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն՝ ուժի և բրտության կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների:
Քաղաքացիական ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք ուղղում բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում», – ընդգծում է ԵՀՀ-ն: