Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի վերջին ելույթում ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է հավաքվածներին միասին մի քանի որոշում կայացնել: Նա նշել է, որ պատրաստվում է բոլոր հարցերը քննարկել ժողովրդի հետ Ազատության հրապարակում՝ բանավիճելով խնդիրների շուրջ:
«Բանավեճ, այլ ոչ թե կռիվ, լեզվակռիվ, ձեռք բարձրացնել: Օրենքը բոլորի վրա է իջնելու՝ ինձանից սկսած, Սերժ Սարգսյանով շարունակած, Լիսկայից (նկատի ունի Սյունքիի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին) մինչև մյուս մարզպետները, և ով խախտեց օրենքը, կստանա», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր, մասնավորապես, նա հարց է ուղղել ներկաներին՝ արդյոք պատրաստ են մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի պայքարել իր հետ միասին: Դրական պատասխան ստանալուց հետո Հովհաննիսյանը հարցրել է՝ ով է կողմ Սահմանադրական դատարան դիմելուն: Կարծիքները կիսվել են, և Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է մարտի 2-ին հրապարակել իր որոշումը:
Հովհաննիսյանը նաև հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում առաջարկել էր Ազատության հրապարակում ձևավորել ընտրված իշխանությունների կառավարությունը: Հովհաննիսյանը հարցրել է՝ արդյոք ժամանակն է դա անել հիմա, արժե սպասել մինչ հաղթանակի ամրագրումը:
Հավաքվածները հիմնականում կողմ են արտահայտվել Նիկոլ Փաշինյանի առաջարկին, և Հովհաննիսյանը նույնպես խոստացել է այդ մասին խոսել մարտի 2-ի հանրահավաքին:
Նա բոլոր ուժերին, անհատներին կոչ է արել վաղը 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի օրը, միավորվել և միասին հարգել նրանց հիշատակը:
Ընդդիմության առաջնորդն ասել է, որ վաղը՝ ժ. 12:00-ին Ազատության հրապարակում հանրային ասուլիս է հրավիրում, որից հետո առաջնորդելու է մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչման երթը դեպի Մյասնիկյանի հուշարձան:
Վաղը 16:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում Հայ Ազգային Կոնգրեսը հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու՝ ի հիշատակ մարտի 1–ի զոհերի, որից ՀԱԿ-ի համակիրները նույնպես հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ:
«Ես երախտագետ եմ ՀԱԿ-ին, որը որոշեց, որ մարտի 1-ը պետք է միասին, այլ ոչ թե առանձին-առանձին նշենք», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Կոնգրեսը չեղյալ էր հայտարարել ավելի վաղ մարտի 1-ին Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքը:
Իր ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ իրենց բռնած ճամփան ճշմարտության, սիրո և հավատքի ճամփա է:
«Մենք պետք է տանենք մեր հաղթանակը մինչև գյուղ, քաղաք, Բաղրամյան 26 և հայ ժողովրդի միասնություն: Կեցցե՛, Հայաստանը», – ելույթը եզրափակել է Հովհաննիսյանը: