Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց ինքը երկրորդ տեղն է զբաղեցրել, իր մարզային այցելությունները սկսել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից:
Չարենցավանում Հովհաննիսյանի հետ հանդիպմանը մի քանի հարյուր մարդ էր եկել: Քաղաքի բնակիչ մոտ 25 տարեկան Հայկը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ վերջին օրերին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ղեկավարությամբ քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում են գործադրում բնակիչների վրա՝ կոչ անելով նրանց հանրահավաքի չմասնակցել: Քաղաքային հրապարակում հավաքված մարդկանց նկարահանում էին ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիական հագուստով մարդիկ:
Հայկը նաև ասել է, որ կիրակի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից առաջ Չարենցավանից Երևան չէին երթևեկում բարեգործական ավտոբուսները, որը տրամադրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մոտ երկու ժամ չի աշխատել նաև միջքաղաքային տրանսպորտը:
Հավաքավածների առաջ ելույթ ունենալով՝ այդ խնդրին անդրադարձել է Հովհաննիսյանը, ով նշել է, որ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող յուրաքանչյուր անձ պատասխան է տալու:
Հովհաննիսյանի խոսքով՝ երեկ ինքը Սյունիքում պահանջել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, իսկ այժմ պահանջում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրաժարականը:
«Ժառանգության» առաջնորդն նշել է, որ իր կինը՝ Արմենուհին ասել է, թե Հովհաննիսյանը քաղաքից քաղաք հաճախ է նույն խոսքերն է կրկնում, այնուամենայնիվ, ինքը չի կարող չասել, որ ժողովուրդը հաղթել է:
«Պետք չէ փրկիչ որոնել, փրկիչ չկա, փրկիչը հայ ժողովուրդն է, որն իր ընտրությունն արդեն կատարել է», – ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզ մեկնելուց առաջ հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ:
Լուսանկարը տարածել է «Ժառանգություն» կուսակցությունը