Home / Տեսանյութեր / «Չպետք է մեզ թույլ տանք մոռանալ». նախագահի նախկին թեկնածուները՝ Մարտի 1-ի մասին

«Չպետք է մեզ թույլ տանք մոռանալ». նախագահի նախկին թեկնածուները՝ Մարտի 1-ի մասին

Մարտի 1-ը հայ ժողովրդի սև էջերից մեկն է ու, չմոռանալով հանդերձ, պետք է անել ամեն հնարավորը, որ երբեք մարտի մեկերը չկրկնվեն ու երբեք չդառնան ոչ իշխանությունը պահելու, ոչ էլ իշխանությունը վերցնելու գործիք:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը, ով նշել է, որ այսօր առավոտյան իր կուսակից ընկերների հետ գնացել է Մյասնիկյան արձանի մոտ՝ հարգելու 2008 թվականի մարտի 1-ի  տասը զոհվերի հիշատակը:

«Ճիշտ է՝ 10 զոհը վիճակագրություն է, իսկ 1 զոհը ողբերգություն է ամեն ընտանիքի համար, և դա բոլորիս ցավն է»,- ասել է Հարությունյանը:

Նախագահի նախկի  թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում շեշտել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ինքը եղել է Մյասնիկյան հրապարակում ու այսօր էլ իր պարտքն է համարում գնալ այնտեղ:

«Գնում ենք հարգենք գնդակահարվածների հիշատակը, տղաներս արդեն գնացել են, հիմա ես ու կինս ենք գնում», – նշել է Սեդրակյանը:

Նախագահի նախկին  թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ շեշտել է, որ մարտի 1-ը այն եզակի դեպքերից է, որը երբեք չպետք է թույլ տանք մեզ մոռանալ:

 

«Իշխանության ու ընդդիմության միջև տեղի ունեցած բախումից զոհվեցին մեր երկրի 10 քաղաքացիները. սա հիշելը բոլորիս համար շատ կարևոր պատասխանատվության պահ է, որպես մի ընդհանուր սկզբունք, որ երբեք չպետք է ուժը կիրառվի քաղաքացիների նկատմամբ, քաղաքական ուժերը չպետք է պետությունն օգտագործեն որպես լծակ՝ այդ եղանակով իշխանությունը պահելու համար, դա պետք է բացառվի», – ասել է Ղուկասյանը և ափսոսանք հայտնել, որ վաղ առավոտից ինքնազգացողության ծայրահեղ վատ լինելու պատճառով չի այցելել Մյասնիկյան հրապարակ:

«Պարզապես ուժերս թույլ չեն տալիս այդքան երկար ճանապարհ քայլել, այդ իսկ պատճառով այսօր չդարձա հիշատակի արարողության մասնակիցը, սակայն մտովի այնտեղ գտնվող ընկերներիս հետ էի», – եզրափակել է մեր զրուցակիցը:

Նախկին թեկնածուներից Արման Մելիքյանն էլ Еpress.am-ին հայյտնել է, որ իր համար մարտի մեկին զոհված մարդկանց հիշատակի խորհուրդը կապված չէ հատկապես Մյասնիկյանի անվան հրապարակի հետ:

«Ես առհասարակ չեմ համարում, որ այդ խորհուրդը կապված է որևէ կոնկրետ վայրի հետ. այդ զոհերը մեր ազգային անգործունակության վկայությունն են, վկայությունն այն բանի, որ դեռ ընդունակ չենք ազգային խնդիրները փոխհամաձայնության սկզբունքի հիման վրա լուծել: Անսահմանորեն ցավում եմ այդ անմիտ սպանդի զոհերի համար ու խորապես վշտակցում եմ նրանց հարազատներին», – նշել է Արման Մելիքյանը:

Նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը մասնակցել է Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված հոգեհանգստյան արարողությանը: